ՀՀ ԱԳ փոխնախարարն Իրանում խոսել է ԼՂ–ում հայկական հուշարձանների ոչնչացման մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարն Իրանում խոսել է ԼՂ–ում հայկական հուշարձանների ոչնչացման մասին

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Իրանում խոսել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման քաղաքականության մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Գևորգյանն Իրանում մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը։

Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը։

Գևորգյանը նաև բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ:

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում