Թուրքիան նոր պահանջներ է ներկայացրել արևմտյան հետախուզությանը

Թուրքիան նոր պահանջներ է ներկայացրել արևմտյան հետախուզությանը

Արևմտյան հետախուզական կազմակերպություններն այլևս չեն կարող գործողություններ իրականացնել Թուրքիայում՝ առանց Անկարային համապատասխան տեղեկատվություն տրամադրելու: Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով անանուն դիվանագետին:

«Որոշ արևմտյան հետախուզական կազմակերպություններ Թուրքիայում բիզնես վարելու, առանց թույլտվության երկիր գալու և մեկնելու հնարավորություն էին ստացել։ Օրինակ՝ արևմտյան հետախուզական ինքնաթիռը ժամանում էր, որոշ ժամանակ մնում և հեռանում: Ընդ որում, նրանք ոչ մի տեղեկություն չէին տալիս այն մասին, թե ինչ է եղել օդանավում, ովքեր և ինչով էին զբաղվում», – դիվանագետի խոսքը մեջբերում է պարբերականը։

Նրա խոսքով՝ Անկարան, Թուրքիայի ազգային դիրքորոշմանը համապատասխան, հայտարարել է, որ «նման գործողությունները, ժամանումներն ու մեկնումներն այլևս չեն կարող իրականացվել առանց թուրքական կողմին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու»:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ արևմտյան հատուկ ծառայությունների արձագանքը կոշտ է եղել, սակայն Անկարան մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:

«Սկզբում արևմտյան հատուկ ծառայությունները կտրուկ արձագանքեցին, լուր տարածելով, որ դա նշանակում է աջակցություն Իրանին։ Բայց դա ապարդյուն էր, որովհետև Թուրքիան, որպես անկախ պետություն, ցույց տվեց իր ազգային դիրքորոշումը»,- նշել է պարբերականի զրուցակիցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում