Ադրբեջանը խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը

Ադրբեջանը խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը

Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը

Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է՝ որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։

«Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։

Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է»,- ասված հաղորդագրության մեջ։

Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը Հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։

Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։

«Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»- գրել է Թաթոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում