ԱՄՆ-ն ՌԴ-ին և ՉԺՀ-ին կոչ է արել բանակցություններ սկսել զենքի վերահսկման շուրջ

ԱՄՆ-ն ՌԴ-ին և ՉԺՀ-ին կոչ է արել բանակցություններ սկսել զենքի վերահսկման շուրջ

Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման երկկողմ քննարկումներ սկսել «հենց հիմա՝ առանց նախապայմանների», ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Նրանց մնում է միայն այո ասել և բարեխղճորեն գալ քննարկման սեղանի շուրջ», – ավելացրել է նա:

Ըստ Թոմաս-Գրինֆիլդի՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը «անպատասխանատու կերպով վտանգավոր միջուկային հռետորաբանություն է տարածել և հրաժարվել է սպառազինությունների վերահսկման իր մի շարք պարտավորություններից»։ Միևնույն ժամանակ, Չինաստանը, ըստ դիվանագետի, «արագ և անթափանց կերպով ավելացնում և դիվերսիֆիկացնում է միջուկային զենքի իր պաշարները»։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը «չեն ցանկանում ներգրավվել սպառազինությունների վերահսկման և ռիսկերի նվազեցման վերաբերյալ առարկայական քննարկումների մեջ», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները «ներքաշվում է կեղծավորության և դեմագոգիայի մեջ՝ առաջարկելով Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկխոսություն՝ իր պայմաններով»։ Մոսկվան պատրաստ է այդ հարցը քննարկել միայն մեկ համալիրում, նշել են նրանք։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք պատրաստ ենք անվտանգության և կայունության հարցերը քննարկել միայն մեկ համալիրում և շեշտը դնելով այն ասպեկտների վրա, որոնք ուղղակիորեն շոշափում են մեր երկրի անվտանգության շահերը։ Միևնույն ժամանակ, մենք հրավիրված ենք երկխոսության բացառապես ԱՄՆ-ի պայմաններով և միայն Վաշինգտոնին հետաքրքրող հարցերի շուրջ»,- նշել են ԱԳՆ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում