Իշխանությունները տարածքները հանձնելուց առաջ ոստիկանության միջոցով փորձում են լռեցնել տավուշցիներին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները տարածքները հանձնելուց առաջ ոստիկանության միջոցով փորձում են լռեցնել տավուշցիներին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ ՀՀ իշխանությունները ոստիկանական խմբեր են ուղարկում Ոսկեպար, հուսալով ճնշել տավուշցիների դիմադրությունը՝ տարածքները հանձնելու հետ կապված, Ռուսաստանը «սև ցուցակ է» կազմում ՔՊ-ակաների մուտքը ՌԴ արգելելու համար․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից եւ «ջերմ» ընդունելությունից հետո, պարզվում է՝ որոշում է կայացրել համարժեք «վերաբերմունքի» արժանացնել իր հայրենակիցներին։ Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված հասարակ գյուղացիներին եւ բացատրական աշխատանք տանում նրանց հետ, հորդորում են այլեւս հարցազրույցներ չտալ, բացատրում են, որ դրանով ոչ թե օգնում, այլ վնասում են գործին` «շարժում են Ալիեւի զայրույթը»։

Իհարկե, ՆԳՆ-ն կշտապի հերքել այդ փաստը, սակայն դրա մասին շատերը գիտեն, եւ դրա ապացույցներից է այն, որ վերջին օրերին տավուշցիներն ավելի պասիվ են, քան Փաշինյանի այցից անմիջապես հետո։ Հիմա տավուշցիներից խոսք կորզելը դարձել է գրեթե անհնարին»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների ու մերձիշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Շրջանառվում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև մեկ այլ պատգամավորի՝ քպական Գուրգեն Մելքոնյանի անունը: Ի հավելումն սրա, կան տեղեկություններ, որ ՌԴ-ն արդեն արգելել է նաև Արցախի «սորոսական» ՀԿ սեկտորից ակտիվ հակառուս համարվող Տիգրան Պետրոսյանի մուտքը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես ասվում է, սրանք «դեռ ծաղիկներն» են: Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանում մանրամասն հետևում են Հայաստանում հակառուսական արշավի «ակտորներին», ուսումնասիրում են, թե ովքեր են հատկապես աչքի ընկնում, հակառուսական գաղափարներ գեներացնում, կոնկրետ քայլեր իրականացնում այդ ուղղությամբ: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, կա «սև ցուցակ», որը պարբերաբար «թարմացվում» է: Այս ցուցակում ներգրավված անձանց պարագայում կիրառվելու են որոշակի պատժամիջոցներ, որոնք չեն սահմանափակվելու միայն ՌԴ մուտքն արգելելով: Եթե հաշվի առնենք, որ այդ անձանց մեջ քիչ չեն նրանք, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեն Ռուսաստանում, ինչպես նաև հարազատներ, բարեկամներ, որոնք ապրում ու աշխատում են ՌԴ-ում, ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ երեկ ՀՀՌՑ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Թե որքանով են սրանք փոխկապակցված, արդյո՞ք Միլիտոնյանի հրաժարականը ներիշխանական հերթական «բազարների» հետևանք է, թե նշյալ սանկցիաներից «արագի մեջ» խուսափելու հնարավորություն, ցույց կտա ժամանակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակը» գրում է. Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ առաջիկա համապետական ընտրություններին հանդես գալ իբրեւ ընդդիմադիր։ Նա սերտ շփումների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, եւ չի բացառվում, որ նրա հիմնադրած «Հանուն հանրապետության» կուսակցության հետ դաշինքով մասնակցի ընտրություններին։ Պատմում են, թե Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից` համարում է, որ ըստ արժանվույն չեն գնահատել իրեն:

Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից հետո նախատեսվում էր վտարանդի արցախցիների խնդիրներով զբաղվող կառույց ստեղծել, որը պետք է ղեկավարեր ՊԲ նախկին հրամանատարը, սակայն ինչ-որ պահի հրաժարվեցին այդ մտադրությունից։ Չի բացառվում, որ նաեւ Փաշինյանի համաձայնությամբ են այս միավորները ստեղծվում, որ ընդդիմադիր դաշտը լցնեն: Արեւմտամետ շրջանակները սերտ համագործակցում են ՔՊ-ական իշխանությունների հետ, եւ այդ դաշտում ձեւավորվող ցանկացած միավոր այսօր եւ ապագայում համաձայնեցվելու է Փաշինյանի հետ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հանրության հետ կենդանի շփումների եւ տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են հայրենի իշխանություններին:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը թե’ անձամբ է գնում մարզեր, գյուղեգյուղ շրջում, տեղացիների հետ շփվում, թե՛ իր թիմակիցներին է ուղարկում այնտեղ:

Փաշինյանի եւ ՔՊ-ականների այս այցերը մեկ հստակ նպատակ ունեն՝ շոշափել հանրային տրամադրությունները եւ հասկանալ՝ ինչ վարկանիշ իրենք ունեն:
Ահա այս այցերը, մարդկանց հետ կենդանի շփումները, մեղմ ասած, խորը հիասթափեցրել են իշխանություններին, քանի որ հստակ ցույց են տվել, որ իրենց վարկանիշը շատ կտրուկ անկում է ունեցել:

Սրա մասին նաեւ Փաշինյանին պարբերաբար մարզեր «գործուղված» իր թիմակիցներն են զեկուցել: Այսինքն՝ ՔՊ-ականների այցերը տարբեր մարզեր արդյունք չեն տվել ու չեն արդարացրել հույսերը: Դե իսկ մայրաքաղաք Երեւանում իրավիճակն ավելի հուսադրող չէ իշխանության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս է եղել նաեւ պատճառը, որ վերջին շրջանում իշխանությունները նաեւ հետ են կանգնել արտահերթ ընտրությունների մտքից, քանի որ այս անգամ վարչական ռեսուրսն էլ անգամ կարող է չօգնել իրենց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին ՔՊ-ն կուսակցական հավաքի ժամանակ որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին, որոնք անհիշելի ժամանակներից են սկսել, եւ տպավորություն էր, թե «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի պես տարիներով ձգվելու են։ Թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը, ում կարելի է դիմել, ՔՊ-ում այդպես էլ կոնսենսուս չի ձեւավորվել, քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի դժվար է գտնել հարմար գաղափարախոսական միջավայր: Իրենք՝ իշխանականները, մեծ ցանկություն են ունեցել անդամակցել եվրոպական ամենամեծ ընտանիքին՝ ԵԺԿ-ին, որին անդամակցում են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», սակայն նրանց այնտեղ չեն ընդունել:

Կան տեղեկություններ, որ ԱԼԴԵ-ին անդամագրվելու ճանապարհին էլ են խոչընդոտներ առաջացել, ուստի երեկվա նիստում որոշել են, որ հարցին կանդրադառնա ՔՊ վարչությունը, եւ խնդրի լուծումը վերապահել են վարչությանը։ Մեր աղբյուրի վստահեցմամբ ՝ հնարավոր է, որ այդ հարցն այլեւս չքննարկեն, եթե չեն անդամագրվելու հեղինակավոր ընտանիքներին, ապա մյուսներին անդամակցելու իմաստ չկա։»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների, առհասարակ՝ արցախցիների դեմ: Նշել էինք, որ փորձ է արվելու այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։ Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին, Արցախի կառավարությունը հռչակեց որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք:

Փաշինյանի այդ սադրիչ հայտարարություններին ու որակումներին գրեթե անմիջապես հաջորդեցին քպական զանազան կարկառունների «գրոհները»: Արցախի նախագահ Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը նրանցից մեկը անգամ որակեց որպես «գործակալական պահվածք»: Ի՞նչ է ստացվում: Արցախի կառավարությունը, Արցախի իշխանությունը, բոլոր արցախցիները զրկվել են իրենց երկրից և հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «քաղաքականության» հետևանքով կամ մեղքով դարձել են հայրենազուրկ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում