Տելեգրամ ալիքների մոնետիզացիան հնարավոր կդառնա մարտի 31-ից

Տելեգրամ ալիքների մոնետիզացիան հնարավոր կդառնա մարտի 31-ից

Տելեգրամի՝ ավելի քան 1000 բաժանորդ ունեցող ալիքների սեփականատերերը 2024 թվականի մարտի 31-ից կստանան գովազդից ստացված եկամտի 50%-ը։ Այս մասին հաղորդում է Տելեգրամ  մեսենջերը։

Գումարը ալիքների սեփականատերերին կվճարվի Toncoin կրիպտոարժույթով, որն աշխատում է TON բլոկչեյնով․ այն անհասանելի կլինի մի շարք երկրներում՝ այդ թվում ՌԴ-ում, Ուկրաինայում, Պաղեստինում, Իսրայելում։

Բացի այդ, մարտի 31-ից մեսենջերի ցանկացած հաշիվ հնարավոր կլինի դարձնել բիզնես հաշիվ և մուտք ստանալ դեպի բիզնես գործառույթներ, օրինակ՝ աշխատանքային ժամերը և հասցեն, արագ պատասխանները, ինքնաշխատ հաղորդագրությունները և այլն։

Մեսենջերում նախատեսվող նորամուծությունների մասին ավելի վաղ հայտարարել էր Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը։ Փետրվարի վերջին նա հաղորդել էր, որ մարտին մեսենջերի գովազդային հարթակը կբացվի շուրջ 100 նոր երկրներում, իսկ այդ ալիքների սեփականատերերին կվճարվի մինչև 50 տոկոս եկամուտ՝ «ցանկացած եկամտից, որը Տելեգրամը կստանա իր ալիքներում ցուցադրված գովազդներից»։

Ըստ Դուրովի՝ տելեգրամ-ալիքների ամենամսյա տրաֆիկն այդ ժամանակ կազմել է 1 տրիլիոն դիտում։ Այդուհանդերձ, դրա միայն 10 տոկոսն է մոնետիզացվում գովազդների միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում