Սմարթֆոնների վաճառքի թվով Apple-ը դիրքերը զիջել է Samsung-ին

Սմարթֆոնների վաճառքի թվով Apple-ը դիրքերը զիջել է Samsung-ին

Apple-ի սմարթֆոնների վաճառքը 2024թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նվազել են 9,6 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տվյալները վերլուծել է International Data Corporation-ը։ Նշված ժամանակահատվածում վաճառվել է 50,1 մլն iPhone, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտին վաճառվել էր 55,4 մլն։

Apple-ի ցուցանիշների բացասական դինամիկան կապվում է Չինաստանում վաճառքի ծավալի նվազման հետ ( համաձայն Counterpoint Research-ի գնահատականի՝ տարեսկզբին դրանք նվազել են 24 տոկոսով)։ 2023թ․ Չինաստանի իշխանությունները մի շարք պետական պաշտոնյաների արգելել են աշխատավայրում օգտվել iPhone-ից կամ արտասահմանյան այլ սարքավորումներից՝ դա բացատրելով ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերով։

Հարավկորեական արտադրող Samsung ընկերության հեռախոսների վաճառքը կազմել է 60․1 մլն՝ այդպիսով ատաջ անցնելով Apple-ից։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ երրորդ տեղում Xiaomi-ն է՝ 40․8 մլն  սմարթֆոնի վաճառքով։

Apple ընկերությունը Չինաստանում աշխատում է ավելի քան 30 տարի։ Xinhua-ի փոխանցմամբ՝ 200 հիմնական մատակարարներից 151-ն արտադրական գործունեություն են ծավալում այդ երկրում։ Մարտին Շանհայում Apple-ը նոր խանութ է բացել՝ թվով ութերորդն այդ քաղաքում։ Ուշագրավ է, որ այն մեծությամբ աշխարհում Apple-ի երկրորդ խանութն է։ Խանութի բացմանը ներկա էր նաև Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում