Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղ է․ Լոռու և Տավուշի բազմաթիվ բնակավայրեր անցել են ջրի տակ

Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղ է․ Լոռու և Տավուշի բազմաթիվ բնակավայրեր անցել են ջրի տակ

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել։ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է, բնակավայրը ջրածածկված , հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։

«Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ժ․08։00-ի դրությամբ՝

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։

Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

Հաղորդվում է, որ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում 30 մարտական հաշվարկ, 324 փրկարար ծառայողներ։ Տարհանվել են 77 քաղաքացիներ։ Աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում