Մերձավանում զինված միջադեպի գործով 9 մեղադրյալ կա․ երեք անձ ձերբակալվել է

Նմանատիպ
Մերձավանում զինված միջադեպի գործով 9 անձի նկատամամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալված են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նախաքննությունը շարունակվում է:
Թե ինչ հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական հետապնդումը՝ կառույցից առ այժմ չեն մանրամասնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում