Հարձակում Բերդի մարտական դիրքերի ուղղությամբ. ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է
Նմանատիպ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեդեկացնում է, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը»,-գրել է նա:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով ասվածը, նաև արձանագրելով սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումները.
«Հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը:
Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել:
Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և այսուհետ ևս կձեռնարկեն իրավիճակին համարժեք գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում