Սյունիքում ունենք լուրջ անվտանգային խնդիրներ. Գոռ Գևորգյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքում ունենք լուրջ անվտանգային խնդիրներ. Գոռ Գևորգյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը օրակարգային է, կարևոր է, որ իշխանությունները և իշխանությունների հետ այս հարցի շուրջ փոխըմբռնման եկած ընդդիմադիրներն ընտրեն ճիշտ ժամանակը, կարծում եմ, որ այս սեղմ ժամակաշրջանն ընտրությունները կազմակերպելու համար ոչ ամբողջությամբ կհամապատասխանի մեր ժողովրդի պատկերացրած ընտրություններ անցկացնելուն. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը:

«Պետք է լիներ անցումային ժամանակաշրջան, որ ժողովուրդը՝ թեկուզ մասամբ, կարողանար դուրս գալ այս բարոյահոգեբանական ծայրագույն վիճակից։ Առանց իրողությունները վերաարժևորելու՝ շատ բարդ է գնալ ընտրությունների: Ունեցել ենք ծանրագույն պարտություն և դրա հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամ, շատ կարևոր է, որ ժողովուրդը տա գնահատական, ընտրությունները ևս գնահատական են, բայց ժողովուրդն ինքն իր մեջ պետք է կարողանար խմորման փուլն անցնեն»,-ընդգծեց նա:

Հարցին, թե Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հայտարարում են, որ Հայաստանին կստիպեն իր ստանձնած պարտավորությունները կատարել, սակայն իշխանությունները խոսում են ճանապարհների ապաշրջափակման, Թուրքիայի, Ադրբեջանի հետ առևտրի մասին, այս ամենն ինչպե՞ս է պատկերացնում, Գոռ Գևորգյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում հնչեցված մտքերին.

«Առնվազն մտահոգիչ է այս պահի դրությամբ որևէ տեսակի շրջափակման մասին խոսելը, որովհետև մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ՝ մեր պետության սահմանների հետ կապված: Պետության ներսում նաև ներքաղաքական ճգնաժամն է, որը դեռ չի հաջողվում հաղթահարել, և այս պահին մեզ հարևան հակառակորդ և թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել որևէ տարանցիկ փոխադրումների մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է»:

Գոռ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր տեսակի հակահայկական ձևակերպումները պետք է դատապարտվեն թե՛ ՀՀ-ի և թե՛ միջազգային հանրության կողմից, հասկանալով, որ այդ սպառնալիքները միայն Հայաստանի դեմ չեն, դրանք ուղղված են նաև քաղաքակիրթ հանրությանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Սյունիքն այսօր անվտա՞նգ է, Գոռ Գևորգյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ մենք Սյունիքում ունենք շատ լուրջ անվտանգային խնդիրներ՝ ընդհանուր անվտանգային համակարգի ամրապնդման համատեքստում, քանի որ շփման գիծը դարձել է անմիջական: Այս առումով հսկայածավալ աշխատանք պետք է կատարվի: Հուսով եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, բայց միանշանակ խոսել, որ անվտանգ է թե ոչ, կարծում եմ՝ դեռ ժամանակը չէ, այո՛, մենք պետք է ամրագրենք, որ ունենք խնդիրներ, և այդ խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում»:

Հարցին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում Սյունիքի և Հայաստանի սահմանի մասին ներառված չէ, ունե՞ք այս հարցի պատասխանը՝ ինչո՞ւ են Հայաստանի տարածքից սահմաններ տրվում, պատգամավորը պատասխանեց. «Ես չունեմ այս հարցի, ինչպես նաև բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ կապված պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանի հետ, կան բազմաթիվ հարցեր, որոնք մնացել են առանց պատասխանի»:

Անդրադառնալով հարցին, թե ԱԺ-ում նկատո՞ւմ եք միտում «Իմ քայլը»-ից հեռացած պատգամավորների բարձրացրած հարցերին չպատասխանելու, Գևորգյանը ցավով արձանագրեց, որ խորհրդարանը ոչ ամբողջությամբ է կարողանում առաջնահերթ քաղաքական ամբիոն լինել, իսկ ԱԺ ամբիոնից բարձրաձայնվող բոլոր հարցերն ունեն կարևորություն և հնչեղություն.

«Հարցը, որ ես անցած օրը բարձրաձայնել եմ, վերաբերում էր ՄԻՊ-ի շուրջ տեղի ունեցող որոշակի զարգացումներին, ֆինանսավորման հարցին և ՄԻՊ-ին Կառավարության նիստերին հրավիրելու հարցին, բայց դա մղվեց երրորդական պլան, ասում են՝ գրավոր կպատասխանենք: Քաղաքական այս հարթակը ծառայում է բանավոր մտքերի փոխանակման համար, ես դրա տակ տեսնում եմ քմահաճ վերաբերմունք և որոշակի առումով խույս տալ և շրջանցել այն պատգամավորների հարցերն, որոնք լքել են խմբակցությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում