Սերժ Սարգսյանը պարգևներ հանձնեց Արմեն Հովհաննիսյանին և նրա ընկերներին հայրենիքի համար ցուցաբերած սխրանքի համար

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 22-ամյա տարեդարձի կապակցությամբ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեցին մի խումբ բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, ազատամարտիկներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին բանակի օրվա առթիվ, ինչպես նաև բարձր պարգևների արժանանալու համար: «Ձեր առաքելությունն առանձնահատուկ է, դրա համար էլ այն կոչվում է ծառայություն, այլ ոչ թե աշխատանք: Մեր ողջ ժողովուրդն ակնածանքով է վերաբերվում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ: Այսօր այստեղ են թե՛ սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք միասին վերցրած մի հզոր համաժողովրդական ուժ են, անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում է: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում և արարում է մեր ողջ ժողովուրդը: Այսօր ինձ է բախտ վիճակվել հանձնել ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, սակայն դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են: Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ դրսևորում եք մեր ժողովրդի լավագույն որակները: Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն, շարունակեք ձեր սուրբ գործը, շարունակեք ձեր նախորդրներրի լավագույն ավանդույթները, շարունակեք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց միևնույն ժամանակ շարունակեք կատարելագործել ձեր գիտելիքներն ու հմտությունները: Այսօր մենք հիշում ու ոգեկոչում են մեր բոլոր հերոսներին անուն առ անուն: Օրեր առաջ մեր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուց աբերած վեհ կեցվածքը վճռական պահին, նրա և նրա ընկերների սխրանքը մեր բանակի իրական նկարագիրն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ Նախագահը:Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

ՀՀ նախագահի կողմից մեդալներով պարգևատրվեցին նաև ադրբեջանական դիվերսիան հետ մղելու գործողությանը մասնակցած մյուս զինծառայողները: Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում