Արցախում քննարկում են խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորությունը

Արցախում քննարկում են խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հնարավորությունը

Արցախի Կառավարությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարալու առաջարկ է նախապատրաստում: Այս մասին Aparaj.am կայքին հայտնել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:

«Պետք է գիտակցենք, որ մեր երկիրը գտնվում է կայացման փուլում, ուստի նաեւ կայացման փուլում է գտնվում ընտրական գործընթացը: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այնպիսի քաղաքական մթնոլորտ է տիրում, որ ամեն ընտրությունից հետո անհրաժեշտություն է առաջանում նոր օրենսդրական փոփոխությունների՝ հիմք ընդունելով ընտրությունների ժամանակ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Եթե հարցը դիտենք այս համատեքստում, ապա դեռ մոտակա ժամանակներում ամեն ընտրություններից հետո անհրաժեշտ է լինելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնել՝ նպատակ հետապնդելով հաջորդ համապետական նշանակության ընտրություններին ընտրողների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի քաղաքացին գիտակցի եւ ընդունի, որ իր քվեով նա մասնակցում է երկրի կառավարմանը», – պարբերականին տրված հարցազրույցում ասել է Արթուր Աղաբեկյանը:

Արցախի փոխվարչապետը համոզված է, որ զինված ուժերի կայացման ընթացքում, նրա կիրառման պարագայում՝ քաղաքացիական վերահսկողությունը, խորհրդարանական կառավարումը ավելի արտահայտված է և ավելի էֆեկտիվ: «Այն դեպքում՝ եթե Արցախի Հանրապետությունը ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին ՝ տարածքներ զիջելու, Արցախի լինել-չլինելու առումով, ապա պետք է ասեմ, որ այս ծանր բեռը մեկ անձին թողնելն անթույլատրելի է: Այս մարտահրավերներին կարող է դիմանալ միայն խոհրդարանական կառավարման համակարգը», – ասել է Աղաբեկյանը:

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Արցախում կառավարման խորհրդարանական համակարգն ընդունվի՝ առանց ՀՀ-ում ընդունման, Արթուր Աղաբեկյանը պատասխանել է.

-Հնարավոր է: Դուք հարց եք ուղղում մեկին, ով իր ցանկացած քայլի եւ գործողության հիմքում դնում է Միասնական Հայաստան կյանքի կոչելու նպատակը: Պիտի խոստովանեմ, որ դա Միացյալ Հայաստան ունենալու համար եւս մեկ քայլ կլինի: Այն պետք է ընդունել որպես ճանապարհային քարտեզի մի փոքրիկ հատված, որով պետք է հասնենք այն վերը նշված գերնպատակին, ինչի համար այսօր ապրում եւ ստեղծագործում է ամեն մի հայ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում