Բրյուսելյան բյուջետային փակուղին. ո՞վ կվճարի Եվրոպայի ապագայի համար
Կարդացեք նաև
Եվրոպական միության 2028–2034 թվականների յոթամյա բյուջեի շուրջ հրավիրված գագաթնաժողովը Բրյուսելում ավարտվեց առանց շոշափելի արդյունքի, իսկ Ուկրաինային տրամադրվելիք 45 միլիարդ եվրոյի վարկի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբեր։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի փորձը՝ համոզել առաջնորդներին գնալ փոխզիջումների և ընդունել ծախսերի կրճատմամբ նախագիծը, բախվեց կոշտ դիմադրության։ Իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ 2 տրիլիոն եվրոյի սկզբնական առաջարկը մեծամասնության կողմից մերժվեց, իսկ Կոշտայի նոր՝ 1,78 տրիլիոն եվրոյի փոխզիջումային տարբերակը՝ մոտ 10 տոկոսով կամ 204 միլիարդ եվրոյով պակաս, չբավարարեց ոչ մի կողմի։
Քննարկումների մեկնարկից ակնհայտ էր, որ բանակցային սեղանի շուրջ հավաքված առաջնորդները տրամադրված են կոշտ։ Բանավեճը արագ վերածվեց երկու բևեռների բախման․ մի կողմում «խնայող յոթնյակն» էր՝ պահանջելով նոր կրճատումներ, մյուս կողմում՝ «համախմբվածության բարեկամների» 17 պետությունները, որոնք կտրականապես մերժում էին ծախսերի հետագա սահմանափակումները։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին գագաթնաժողովի սկզբում բառացիորեն համաձայնության հասնելը համեմատեց Լուսին հասնելու հետ՝ հարցականի տակ դնելով Կոշտայի այն նպատակը, թե գործարքը պետք է կնքվի մինչև տարեվերջ, որպեսզի չմխրճվի 2027-ի ընտրական ցիկլի մեջ։ Նա պնդեց, որ առաջնորդվում է ոչ թե ժամանակային սահմանափակումներով, այլ Իտալիայի համար ընդունելի պայմաններով։ Նույն ոգով հանդես եկավ Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենը՝ նշելով, որ շտապելու տեղ չկա և կոշտ վերջնաժամկետներ իր համար գոյություն չունեն։
Այն բանից հետո, երբ ղեկավարները կողմնորոշվեցին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Քրիստին Լագարդի իրավահաջորդի հարցում և ընդհանուր նիստում կրկնեցին իրենց հայտնի դիրքորոշումները, Կոշտան փորձեց փոխել ձևաչափը։ Նա բաժանեց մասնակիցներին փոքր խմբերի՝ հերթով հանդիպելով «խնայողներին», «համախմբվածության բարեկամներին», ԵՄ վեց խոշոր երկրներին և աշխարհագրական խմբերին։ Սակայն այդ քայլը «խնայողների» մոտ տպավորություն ստեղծեց, թե ճնշում է գործադրվում իրենց վրա՝ հօգուտ մյուս ճամբարի, ինչի հետևանքով նրանք բոյկոտեցին փոքր խմբերով աշխատանքը, որը Կոշտան ստիպված եղավ շարունակել առանց նրանց։
Բանակցությունների ընթացքում առանձնապես սրվեց ֆրանսիական գործոնը։ Նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրված մամուլի ասուլիսում հստակ գծեց կարմիր գիծ՝ հայտարարելով, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ից հետո քաղաքական և ժողովրդավարական պատճառներով բյուջետային գործարքը կամ դրա ավարտն անհնար կլինի, քանի որ գործընացը վտանգավոր կերպով կխաչվի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ, որտեղ հարցումներում առաջատար է ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը։ Մակրոնը Կոշտայի առաջարկած կրճատումներն անվանեց «ռազմավարական սխալ» և հավելեց, որ իրենք պատրաստ չեն համաձայնության գնալ ամեն գնով։ Շատ դիվանագետներ, սակայն, Լը Պենի հնարավոր հաղթանակի շուրջ Փարիզի զգուշացումները դիտարկեցին որպես բանակցային լծակ՝ սեփական շահերն առաջ մղելու համար, այն դեպքում, երբ շատերի կարծիքով Կոշտայի փոխզիջումն արդեն իսկ չափազանց շահավետ էր Ֆրանսիայի համար։
Բրյուսելյան միջանցքներում զգացվեց նաև Փարիզ-Բեռլին առանցքի լարվածությունը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտպանեց «խնայողների» կոշտ գիծը և խոստացավ բյուջեի ավելի մեծ կրճատումներ, իսկ առաջընթացի մասին խոսելիս պատասխանեց երկիմաստ՝ «և՛ այո, և՛ ոչ»։ Միաժամանակ շարունակվեց հեռակա բանավեճը Մակրոնի և Լը Պենի միջև․ վերջինս մեղադրեց Եվրահանձնաժողովին՝ փորձելու բյուջեն համաձայնեցնել մինչև ընտրությունները՝ քաղաքացիների կամարտահայտության վրա ազդելու համար, ինչին Մակրոնը պատասխանեց, որ ինքը ընտրված նախագահ է մինչև 2027 թվականի մայիսի 13-ը, իսկ Լը Պենը դեռ չունի երկիրը ղեկավարելու մանդատ։ Արդյունքում գագաթնաժողովը ոչ միայն չմոտեցրեց 27 պետությունների դիրքորոշումները, այլև ավելի խորացրեց վստահության ճգնաժամը՝ բարդացնելով հենց Կոշտայի քաղաքական դիրքերը մինչև դեկտեմբերյան վճռորոշ փուլը։
Եթե ամեն ինչ մի կողմ դնենք ու պարզ նայենք՝ Եվրոպան ներսից խառնվել է։ Բյուջեի շուրջ այս վեճը միայն թվերի մասին չէ, այլ այն մասին, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինը տարբեր կողմեր են քաշում՝ ընտրությունների, տնտեսական ծանրության ու մտահոգությունների ֆոնին։ Ուկրաինայի համար սա նշանակում է ավելի շատ ձգձգում ու անորոշություն․ երբ ներսում համաձայնության չեն գալիս, միլիարդների որոշումներն ինքնաբերաբար հետաձգվում են։ Իսկ մեր տարածաշրջանի համար սա ազդակ է, որ ԵՄ-ն այժմ ավելի շատ զբաղված է սեփական տունը կարգավորելով ու անվտանգության ծախսեր հաշվելով, քան նոր մեծ արտաքին ճակատներ բացելով։ Մի խոսքով՝ Եվրոպան դեռ փնտրում է իր կողմնացույցը, իսկ երբ կենտրոնում միասնություն չկա, մնացած բոլոր հաշվարկները փոխվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում