ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակում է ՀՀ-ից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներկրումը

ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակում է ՀՀ-ից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում:

«Որոշումը կայացվել է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող բանջարաբոստանային արտադրանքի մատակարարումների ժամանակ արձանագրվող խախտումների թվի աճի պատճառով, ինչպես նաև բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակի համար։

Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռոսսելխոզնադզորն ստուգումներ է անցկացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այն է՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական մրգի և բանջարեղենի ներկրման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ 181 դեպք 2026 թվականի ընթացքում։

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ բանջարաբոստանային արտադրանքի զգալի ծավալներ մատակարարվում են արտաքին տնտեսական գործունեության բազմաթիվ հայաստանյան մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևը հայտնի չէ, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։ Սա վկայում է հայկական կողմի կողմից արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում