Հայաստանը հրաժարվել է հավատարմագրել ՌԴ դիտորդներին. Մարիա Զախարովա
Կարդացեք նաև
Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է, որ ցանկալի չէ ՌԴ մի շարք քաղաքացիների ընդգրկումը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ հայկական կողմը մերժել է ՌԴ պատվիրակության հավատարմագրումը։
Նա նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը ձևավորվում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում աշխատելու համար ստացված դիմումի հիման վրա:
«Հաշվի առնելով մեր հարաբերությունների բնույթն ու առաջիկա ընտրությունների կարևորությունը՝ մենք դրական արձագանքեցինք համապատասխան դիմումին և ակտիվորեն ձեռնամուխ եղանք նախապատրաստական աշխատանքներին», – նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ ՌԴ դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել են հայկական կողմին, որպեսզի հավատարմագրում անցնեն։
«Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկվելու անցանկալիության մասին», – նշել է Զախարովան։
Ռուսական կողմի տվյալներով՝ խոսքը Պետդումայի 3 պատգամավորի մասին է, այդ թվում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի: Մոսկվան Երևանից պարզաբանումներ է խնդրել նման որոշման պատճառների վերաբերյալ, սակայն պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը որևէ «սև ցուցակում» գտնվող անձանց մասին չէ։
«Նրանք երբեք Հայաստան այցելելու խնդիր չեն ունեցել։ Մի քանիսին անձամբ եմ ճանաչում, հրաշալի մասնագետներ են, սիրում և հարգում են Հայաստանը։ Ես չէի կարող պատկերացնել, որ Ռուսաստանի այդ քաղաքացիներն այնպիսի բան են արել պաշտոնական Երևանի նկատմամբ, որ արգելում են նրանց մուտքը։ Կարող եմ միայն ենթադրել, որ նրանք գտնվում են ԵՄ-ի «սանիտարական ցուցակներում», և դա ասես պաշտոնական Երևանի կողմից ԵՄ-ի ավագ ընկերներին հաճոյանալու ձև է», – ասել է Զախարովան։
Նա նշել է, ոչ Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին ՌԴ մի շարք դիտորդների հավատարմագրումը մերժելը խորը ափսոսանք և թյուրըմբռնում է առաջացնում, Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում