Պայմանագիրը մեկ գիշերում լուծարելը քաղաքական մահակ է․ Իվետա Տոնոյան

Պայմանագիրը մեկ գիշերում լուծարելը քաղաքական մահակ է․ Իվետա Տոնոյան

Այսօր ՍԴ  դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությանը ուղարկված ծանուցմանը, նշել է, որ մինչև 2065 թվականը գործող վարձակալության պայմանագիրը մեկ գիշերում միակողմանի լուծարելն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, և իշխանություններն իրենց լծակները հերթական անգամ օգտագործում են որպես մահակ։

Տոնոյանի խոսքով՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի իրավաբաններն արդեն ներկայացրել են իրենց առարկությունները և պատրաստվում են հարցը վիճարկել բացառապես իրավական ճանապարհով, այդ թվում՝ դատարանում։ Տոնոյանը հավելեց, որ սա միակ դեպքը չէ, և այս օրերին կոնցեռնի տասնյակ այլ ընկերություններում նույնպես տարատեսակ հարկային ստուգումներ ու գործընթացներ են տեղի ունենում։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման կոչին, Տոնոյանը նշեց, որ թեև հարգանքով են վերաբերվում այդ առաջարկին, սակայն թիմում դեռ առիթ չի եղել այն քննարկելու Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ այս պահին ամբողջությամբ կենտրոնացած են Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացի վրա։

Ինչ վերաբերում է ՍԴ-ից ունեցած սպասելիքներին և հնարավոր փողոցային պայքարին, Իվետա Տոնոյանը կոչ արեց առաջ չընկնել իրադարձություններից՝ հավելելով, որ իրենց նպատակը բոլոր իրավական գործիքներով քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնումն է, իսկ հետագա քայլերի մասին կխոսեն ՍԴ որոշումից հետո՝ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի լրանալուն պես։

Հետևեք մեզ նաև Telegram-ում