Կոտայքի դպրոցների 90%-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և FAST-ի աջակցությամբ բարելավել է թվային գրագիտության և համակարգչագիտության դասավանդումը
Կարդացեք նաև
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ, Կոտայքի մարզի դպրոցների 90 տոկոսի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչներն ավարտել են մասնագիտական զարգացման համապարփակ վերապատրաստումները։
Ծրագիրը մշակել և իրականացել են ՅՈՒՆԻՍԵՖ–ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Մարտից մինչև հունիս մարզի 91 դպրոցի 252 ուսուցիչ մասնագիտական վերապատրաստումներ են անցել՝ ձեռք բերելով ալգորիթմական մտածողության, ծրագրավորման, ԹԳՀԳ առարկայում նախագծային ուսուցման, ինչպես նաև արհեստական բանականության գրագիտության ոլորտի կարևոր գիտելիքներ և հմտություններ։
Ծրագիրը նախատեսված էր 2-12-րդ դասարանների ուսուցիչների համար՝ ներգրավվելով տարրական դասարանների ուսուցիչներին՝ Scratch-ի, իսկ միջին և ավագ դպրոցի ուսուցիչներին՝ Python-ի դասընթացներում։

«Ուսուցիչները կրթական համակարգի վերափոխման և որակի բարձրացման հիմնական շարժիչներից են։ Ուսուցիչների մասնագիտական զարգացման մեջ ներդրում կատարելը, ի վերջո, ներդրում է, որը թույլ է տալիս երեխաներին մեծանալ այնպիսի աշխարհում, որտեղ նրանք կարող են անվտանգ և ստեղծագործաբար օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ սովորելու, սոցիալիզացվելու և իրենց ապագան կառուցելու համար»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը,- «Գործընկերների հետ միասին մենք նորարարական մոտեցումներ ենք կիրառել հընթացս մասնագիտական զարգացման համար և ցույց տվել՝ ինչպես կարող են թվային գործիքներն ավելի արդյունավետ և հասանելի դարձնել կրթական գործընթացը»։

«Կառուցելով դպրոցներում արհեստական բանականության և համակարգչագիտության առարկաների բարելավման՝ նախարարարության հետ ձևավորված երկարաժամկետ համագործակցության վրա՝ որոշեցինք Կոտայքի օրինակով ուսումնասիրել ԹԳՀԳ առարկայի դասավանդման մեջ առկա կարիքներն և վերապատրաստելով ուժեղացնել 2-ից մինչև 12-րդ դասարան մտնող ԹԳՀԳ ուսուցիչներին:
Ի սկզբանե նպատակ ունեինք լինել հնարավորինս տվյալահեն և վեր հանել առկա բացերն ու զարգացման կետերը, որպեսզի մշակենք ազգային մակարդակում ընդլայնման հնարավորինս արդյունավետ մոտեցումը»,-նշել է FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։

Ի լրումն վերապատրաստումներին, ԹԳՀԳ ուսուցիչները նաև մասնագիտական աջակցություն են ստացել առարկայական և մանկավարժական բաղադրիչներում։
«Ծրագրին միացել եմ հենց առաջին իսկ օրից: Անցած չորս մոդուլներում շատ հետաքրքիր էին հատկապես քննարկումներն ու փորձի փոխանակումը: Վստահ եմ, որ իմ աշակերտների հետ այս ամենը գործի դնելուց հետո, լավ արդյունքներ կունենանք»,-նշել է Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի ուսուցչուհի Կարմեն Գասպարյանը:

Ծրագիրը կարևոր քայլ է դպրոցներում թվային գրագիտության, համակարգչային գիտության և արհեստական բանականության դասավանդման հետագա ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով ուսուցիչներին նորարարական և աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումների յուրացման հարցում: Երկարաժամկետ հեռանկարում սա կնպաստի տեխնոլոգիապես զարգացող աշխարհում երեխաների թվային, վերլուծական և խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը և նրանց հաջողությանը։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։
