Իսրայելը չի համաձայնել դադարեցնել ռազմական հարվածները Գազայի հատվածում․ Էլի Կոեն

Իսրայելը չի համաձայնել դադարեցնել ռազմական հարվածները Գազայի հատվածում․ Էլի Կոեն

Իսրայելը չի համաձայնել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար և ռազմաքաղաքական կաբինետի անդամ Էլի Կոենը։

Նրա խոսքով՝ վերջին 72 ժամվա ընթացքում անվտանգության կաբինետը չի քննարկել, այսպես կոչված, «Խաղաղության խորհրդի» առաջարկած ծրագիրը, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից և կառավարման փոխանցում տեխնոկրատական վարչակազմին։

Կոենը շեշտել է, որ Իսրայելը շարունակելու է ոչնչացնել ահաբեկչական գործունեությանը ներգրավված բոլոր զինված անձանց։ Միաժամանակ նա նշել է, որ նախընտրելի կլիներ ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը հասնել դիվանագիտական ճանապարհով, սակայն կասկած է հայտնել, որ խմբավորումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին Գազայի հատվածի հարավում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» ստորաբաժանման հրամանատար Սալեմ Ջամալ Աբդ ար-Ռահման Աբու Լաբադը։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նա մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Նիր-Օզ կիբուցի վրա իրականացված հարձակմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում