Փարիզի քաղաքապետարանի ճակատին ցուցադրվել են Բաքվում պահվող 19 հայ պատանդների դիմանկարները
Կարդացեք նաև
Փարիզի քաղաքապետարանի շենքի ճակատին հայտնվել են Ադրբեջանում ապօրինի պահվող 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը ընթացող այս ցուցահանդեսը նախաձեռնել են Փարիզի քաղաքապետարանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF)՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի էթնիկ զտմանն ու ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալություններին:
Ֆրանսիայի մայրաքաղաքի այս քայլը պատահական չէ. Փարիզը տարիներ շարունակ հետևողականորեն կանգնած է արցախահայության կողքին: Դեռ 2020 թվականին քաղաքային խորհուրդը կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը, 2023-ի շրջափակման օրերին մարդասիրական օգնություն հասցրեց մինչև Հակարիի կամուրջ, իսկ ավելի ուշ Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ: Այս գործընթացին միացել են նաև Ֆրանսիայի Ազգային ժողովը, Կորսիկայի խորհրդարանը, Նիցցայի քաղաքապետարանը և Եվրախորհրդարանը՝ բազմիցս պահանջելով ազատ արձակել հայ պատանդներին:
Չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի որոշմանը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել արցախահայերի անվտանգ վերադարձը, Բաքուն շարունակում է արհամարհել իրավական պարտավորությունները: Ինչպես նշում են CCAF համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը, 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն, այլ Արցախի իրավունքների կենդանի վկայությունը, և քանի դեռ նրանք ազատության մեջ չեն, արդարությունը չի կարող փոխարինվել քաղաքական պայմանավորվածություններով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում