Վեհափառի «գործը»… որպես փորձաքար. «Փաստ»
Կարդացեք նաև
«Փաստ» օրաթերթը գրում է. Փաստը մնում է փաստ, որ արդեն երկրորդ դատավորը հրաժարվեց քննել աշխարհիկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու հովվապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ մեղադրանքով «գործը»:
Առանցքային խայտառակությունը, չենք վախենա այդ բնորոշումը տալուց՝ խարա՛նը, ցավոք, արդեն արձանագրված է. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, հայկական աշխարհիկ իշխանության ղեկավարի պահանջով քրեական հետապնդում է իրականացվում ու դատ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սա խայտառակագույն փաստ է: Թե՛ բարոյական, թե՛ կրոնական, թե՛ հասարակական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Թե՛ պատմականորեն:
Հայոց անկախ պետականության մեջ աշխարհիկ իշխանության քմահաճույքով հալածվում է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ:
Բայց գանք բուն դատերին: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննել:
Դատավոր նշանակվեց նույն դատարանի մեկ այլ անդամ՝ դատավոր Սերժ Ռուշանյանը: Նա էլ, ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած դատական նիստում Վեհափառի և եպիսկոպոսների «գործը» որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատավորը հայտարարեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։
Հարկ է նկատել, որ իրավագիտական հանրույթը միանշանակ չընդունեց դատավորների այդ որոշումները: Այո, կան փորձառու իրավաբաններ, որոնք ասում են, որ այստեղ խնդիր կա. ի մասնավորի, դատավորները, մեղմ ասած՝ անհասկանալի պատճառաբանություններով են հրաժարվում քննել այս խայտառակ «գործը»:
Բայց, եթե խնդիրը դիտարկենք ոչ միայն զուտ իրավաբանական տեսանկյունից, ապա բավականին նկատելի նրբերանգներ պետք է արձանագրենք:
Առաջինն, ինչ ակնհայտ է, քաղաքական մեծամասնության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումները, ահաբեկումներն ու շանտաժն են: Գաղտնիք չէ, որ դատական ու իրավապահ համակարգերը գործում են վախի մթնոլորտում: Իսկ վերջին ճեպազրույցում էլ Փաշինյանը բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց ինչպես իրավապահ, այնպես էլ՝ դատական մարմինների ներկայացուցիչների հասցեին:
Բայց մյուս կողմից՝ չնայած գործադիր իշխանության տոտալ ճնշումներին, արդեն երկրորդ դատավորն է, որ հրաշալի գիտակցելով իր քայլի հնարավոր հետևանքները (սկսած պաշտոնանկությունից, վերջացրած՝ կալանավորմամբ), գործնականում հրաժարվում է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատարան բերված «գործը»:
Կարճ ասած՝ մարդիկ չեն ցանկանում մտնել այդ մեղքի տակ, չեն ուզում իրենց ու իրենց մերձավորներին թողնել «Վեհափառ դատողի» անջնջելի խարանի տակ:
Չնայած, այս դեպքում էլ շատ փորձագետներ գտնում են, որ հենց վախի մթնոլորտի պատճառով են դատավորները ոչ թե ուղղակի մերժում «գործը», այլ իրենցից «գցելու» պատճառաբանություններ բերում: Ու, ըստ այդ իրավաբանների, այստեղից էլ, կարծես, յուրօրինակ «մրցություն» է սկսվել, թե որ դատավորը մտքի ինչ ճարպկություն կդրսևորի, որպեսզի գոնե անձամբ ինքն ազատվի այդ «գործը» քննելու փորձությունից:
Մեծ հաշվով, դժվար է չհամաձայնել այն մասնագետների հետ, որոնք կարծում են, որ քաղաքացիական ու մասնագիտական բացարձակ համարձակություն ունեցող որևէ դատավոր պետք է տվյալ «գործը» հայտարարեր առոչինչ, իրավագիտական զավեշտ կամ անհեթեթություն, կարճեր «գործը», իսկ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին էլ ճանաչեր անմեղ կամ անպարտ: Ավելին, ընդհանրապես վարույթ էլ չպետք է ընդունեին:
Բայց չպահանջենք ավելին այն բանից, ինչ չափով համարձակություն դրսևորել են նախորդ դատավորները:
Ու ողջ խնդիրն այն է, որ սա սոսկ «գործ» չէ, իր ողջ խայտառակությամբ հանդերձ, սա սոսկ Եկեղեցու հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանք չէ:
Հիշեցնենք, որ «գործն» ինքնին ոչ մի բան է: ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդը ազատվել է ծառայությունից, նշանակվել է այլ թեմակալ առաջնորդ: Դա բացառապես ՀԱԵ ներքին գործն է: Բայց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող քաղաքական իշխանության ղեկավարը այդպիսով էլի մի առիթ է նկատել՝ Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ ճնշումների համար: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ հեռացվածը դեռ հոգևորական է ու թեմակալ, իսկ Մայր Աթոռն էլ պիտի դատարանի որոշումը կատարի: Դա աբսուրդից էլ այն կողմ է:
Ի դեպ, այլ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, նույնպես ընդգծում են Եկեղեցու ինքնավարության սկզբունքը:
Բայց դա կրոնաբանական վեճ չէ:
Ամենայն հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ մեղադրանքով «գործը», կարծում ենք, պետք է դիտարկել ընթացիկ իրավաքաղաքական իրողությունների շրջածիրում:
Ինչպես քաղաքական ընդդիմության լիդերների դեմ «գործերը», ինչպես ընդդիմության դեմ հալածանքները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ այս «գործը» նույն քպական դրսևորումների ու քայլերի տրամաբանության մեջ են:
Ո՞րն է այդ «տրամաբանությունը»: Խոսքն այն մասին է, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի հետևողականորեն չեզոքացնել դիմադրության բոլոր օջախները, բոլոր այն կենտրոններն ու ուժերին, որոնք կարող են դիմադրել կամ որոնք ընդունակ են առաջնորդել դիմադրող ժողովրդին: Խնդիրը, մեծ հաշվով, բոլոր ազգային, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի չեզոքացումն ու մեկուսացումն է:
Այդ է պատճառը նաև, որ Փաշինյանը պարբերաբար Հայ առաքելական եկեղեցին ներքաշում է դեպի քաղաքական դաշտ, ՀԱԵ մասին խոսում է որպես մի ինչ-որ կուսակցության մասին: Մինչդեռ հանրահայտ է, որ Եկեղեցին ինքնին վեր է զուտ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական իրողություններից:
Սակայն Փաշինյանը նման հայտարարություններ է անում նախ՝ ընկալման տիրույթում եկեղեցին աշխարհիկացնելու, ապա արդեն որպես «ընդդիմադիր կուսակցություններից մեկը» քաղաքական հալածանքների ենթարկելու իր մոտեցումները «լեգիտիմացնելու» համար:
Մեծ հաշվով, առնվազն Եկեղեցու պարագայում դա նրան դեռևս չի հաջողվում՝ չնայած խայտառակ հալածանքներին ու հոգևորականության դեմ ահաբեկչական, շանտաժային, նաև պառակտիչ քայլերին ու ջանքերին: Հայ առաքելական եկեղեցին մնում է ամուր, իր դիրքերում, հասկանալի է՝ հանրության, ժողովրդի գործնական աջակցությամբ:
Բայց մյուս կողմից՝ հանրահայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, հետապնդումների անհրաժեշտության մասին հրապարակայնորեն պահանջներ է ներկայացրել հայության թշնամի, ադրբեջանական «հոգևոր առաջնորդ» Ալահշուքյուր Փաշազադեն: Հանրահայտ է նաև, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքները գրեթե նույնական են, համահունչ:
Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները և դրա դիտարկվող դրվագներից մեկը՝ վերոնշյալ «գործը», ադրբեջանաթուրքական կապիտուլ յացիոն պահանջների ընդհանուր փաթեթում են:
Նաև այս ծանր հանգամանքը, կարծում ենք, արժե, որ նկատի ունենան իշխանությունից կախվածության մեջ գտնվողները, որոնք որևէ կերպ առնչվում են նշված «գործին»:
Հ.Գ.-Ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսին՝ դեռ «մեկ ամսական վարչապետ» լինելով, հետևյալ հայտարարությունն էր անում. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»: Չնայած, երբ չի իր նախկին հայտարարությունների հակառակն արել, որ…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում