Իրանը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ արդյունաբերական գոտի սահմանամերձ հատվածում
Կարդացեք նաև
Իրանական կողմը Հայաստանին առաջարկել է սահմանամերձ շրջանում հիմնել համատեղ ազատ տնտեսական գոտի՝ արդյունաբերական արտադրություն կազմակերպելու և երկկողմ տնտեսական կապերն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու (ԱԶԳ) գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ նախագծի վերաբերյալ առաջին քննարկումներն արդեն տեղի են ունեցել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում։ Մողադամզադեն ընդգծել է, որ «Արաս» գոտու հնարավորությունները չեն խոչընդոտում, այլ լիովին փոխլրացնում են հայկական «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման հեռանկարները։
Միևնույն ժամանակ, իրանական կողմը փաստում է, որ երկու երկրների գործարար շրջանակների միջև դեռևս չեն ձևավորվել ուղղակի գործնական կապեր՝ համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Աշխատանքներն արագացնելու և գործընթացը համակարգելու նպատակով Մողադամզադեն առաջարկել է հայկական կողմից նշանակել լիազոր ներկայացուցիչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում