Սկանդալ Էյֆելյան աշտարակում․ աշխատակիցները գործադուլ են հայտարարել կանանց մեկուսացնելու պատճառով

Սկանդալ Էյֆելյան աշտարակում․ աշխատակիցները գործադուլ են հայտարարել կանանց մեկուսացնելու պատճառով

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, երկուշաբթի օրը փակվել է անձնակազմի բողոքի ակցիայի պատճառով։ Աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ընդվզելով այն որոշման դեմ, որով կին աշխատակցուհիներին հեռացրել էին ծառայողական պարտականությունների կատարումից հինդուիստական պատվիրակության այցելության ընթացքում։

Միջադեպի պատճառը Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման ներկայացուցիչների այցելությունն է եղել։ Աշտարակը սպասարկող SETE ընկերությունն ընդունել է, որ կազմակերպությունը խնդրել է այցը կազմակերպել կանանց հետ «սահմանափակ շփման» պայմաններում, ինչը ղեկավարության կողմից սխալմամբ ընդունվել է։

Աշխատակիցների տարածած հայտարարության համաձայն՝ կին աշխատակցուհիներին և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին հրահանգվել է «աչքի չընկնել» պատվիրակության ներկայության ընթացքում։ Որոշ աշխատակցուհիների պարտադրել են լքել իրենց աշխատատեղերը, իսկ մի շարք դիրքերում նրանց փոխարինել են տղամարդկանցով՝ արգելելով մուտք գործել որոշակի տարածքներ։

Սկանդալին արձագանքել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները։ Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը խոստացել է սեղմ ժամկետներում ծառայողական քննություն անցկացնել, իսկ Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն խստորեն դատապարտել է տեղի ունեցածը։

Ստեղծված իրավիճակի համար ներողություն են խնդրել ինչպես Էյֆելյան աշտարակի ղեկավարությունը, այնպես էլ BAPS հոգևոր շարժումը։ Ղեկավարության և անձնակազմի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը կվերաբացվի երեքշաբթի օրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում