Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին խոշոր կաշառք ստանալու նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին խոշոր կաշառք ստանալու նոր մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու նոր մեղադրանք է առաջադրվել։ Գործը վերաբերում է զինվորական հոսպիտալի համար բժշկական սարքավորումների ու գույքի ձեռքբերման ընթացքում տեղ գտած չարաշահումներին։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ գաղտնի ընթացակարգով իրականացված երեք գնումների շրջանակում 11,5 միլիոն լարի իրական արժեք ունեցող գույքը ձեռք է բերվել 18,5 միլիոն լարիով։ Քննության վարկածով՝ առաջացած հավելագրումներից շուրջ 1,9 միլիոն լարին գործարար Վասիլ Մխեիձեի միջնորդությամբ փոխանցվել է որպես կաշառք։ Նշված գումարից 1,5 միլիոն լարին, ըստ իրավապահների, ստացել է Բուրչուլաձեն, իսկ 750 հազար լարին փոխանցվել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Քանի որ Բուրչուլաձեն և Մխեիձեն համագործակցել են քննության հետ, դատախազությունը մտադիր է նրանց հետ կնքել մեղքի ընդունման համաձայնագիր՝ առանց գործն ըստ էության քննելու։

Առաջադրված նոր դրվագով դատախազությունը Բուրչուլաձեի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում (3 տարին բանտային պատիժ, 2 տարին՝ պայմանական) և 1 միլիոն լարի տուգանք։ Մխեիձեի համար միջնորդվել է սահմանել 4 տարի 2 ամիս ազատազրկում (1 տարի 2 ամիսը բանտում) և 100 հազար լարի տուգանք։ Երկու մեղադրյալներն էլ արդեն իսկ դատապարտված են մեկ այլ քրեական գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում