Ալեքսանդր Վուչիչը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել
Կարդացեք նաև
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 9-ին լուծարել է երկրի խորհրդարանը (Ժողովրդական սկուպշչինա) և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ նշանակել։ Քվեարկությունը տեղի է ունենալու նախատեսվածից ավելի քան մեկ տարի շուտ․ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին միայն 2027 թվականի վերջին։
Որոշմանը նախորդել է կառավարության պաշտոնական առաջարկը՝ արձակել օրենսդիր մարմինը։ Նախարարների կաբինետը քայլը հիմնավորել է քաղաքական լարվածությունը թուլացնելու և ընդդիմադիր հատվածի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջները հաշվի առնելու անհրաժեշտությամբ։
Սերբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն մոտ երկու տարի։ Զանգվածային բողոքի ակցիաները սկիզբ էին առել 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումից հետո, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել։ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում քաղաքական պատասխանատվություն, ինչը Վուչիչը կտրականապես հերքում է։
Սպասվող ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կապված է հենց Վուչիչի քաղաքական ապագայի հետ։ «Սերբական առաջադիմական կուսակցությունը» հաղթանակի դեպքում նրան առաջադրել է որպես վարչապետի թեկնածու։ Սերբիայի Սահմանադրությունն արգելում է նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի, ինչպես նաև համատեղել այն պետական այլ պաշտոնների հետ։ Հետևաբար, գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին անցնելու համար Վուչիչը ստիպված կլինի վաղաժամկետ դադարեցնել նախագահական լիազորությունները։ Թե հստակ երբ դա տեղի կունենա, դեռևս չի հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում