Սեպտեմբերի 18-ին կկայանա Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը

Սեպտեմբերի 18-ին կկայանա Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով հերթական քննությունը: Վարույթը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին:

Քրեական այս գործի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմում տեղի ունեցած իրավական վեճը: Թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իրեն պաշտոնից ազատելու որոշումը դատական կարգով վիճարկելու ընթացքում ներկայացրել էր հայցի ապահովման միջնորդություն: Դատարանը բավարարել էր պահանջը՝ որոշելով մինչև վերջնական ակտի կայացումը նրան վերականգնել պաշտոնում: Սակայն Սարոյանը ոչ միայն չէր վերականգնվել, այլև հետագայում կարգալույծ էր հռչակվել, իսկ թեմակալ առաջնորդի պաշտոնում նշանակվել էր այլ հոգևորական: Ըստ իրավապահների առաջադրած մեղադրանքի՝ բարձրաստիճան հոգևորականները խոչընդոտել են դատական ակտի կատարմանը:

Հատկանշական է, որ մեղադրանքը ներկայացվել էր դեռևս փետրվարին՝ Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովից ընդամենը օրեր առաջ, ինչի պատճառով արգելափակվել էր հոգևորականների ելքը երկրից: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի հնչեցումից ամիսներ անց, եկեղեցու առաջնորդն ու եպիսկոպոսները հայտնվեցին մեղադրյալի աթոռին:

Գործի դատական քննությունն անցել է բարդ ու տարօրինակ ընթացակարգերով: Օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստն ընդհատվել էր 20-րդ րոպեին, երբ Արմավիրի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ պաշտպանական կողմում ընդգրկված փաստաբան Արա Զոհրաբյանն իրեն նախկինում փաստաբանի արտոնագիր է տրամադրել:

Այնուհետև գործը փոխանցվել էր Սերժ Ռուշանյանին, ով, սակայն, ենթադրյալ արարքի կատարման վայրի անորոշության հիմքով նյութերն ուղարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Երևանում մակագրված դատավոր Վահագն Մելիքյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատությունը որոշելու համար: Ի վերջո, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը սահմանել էր, որ գործը ենթակա է քննության հենց Արմավիրի մարզում, ինչից հետո վարույթը կրկին վերադարձվել է Սերժ Ռուշանյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում