Էթնիկ զտման լեգիտիմացման փորձ․ 58 երկրների դիվանագետներ այցելել են բռնազավթված Արցախ

Էթնիկ զտման լեգիտիմացման փորձ․ 58 երկրների դիվանագետներ այցելել են բռնազավթված Արցախ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական գործիքակազմը՝ օկուպացված ու հայաթափված Արցախում սեփական վերահսկողությունը լեգիտիմացնելու համար։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հերթական կազմակերպված այցն են կատարել բռնազավթված տարածքներ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի անմիջական ուղեկցությամբ իրականացվող այս արարողությանը մասնակցում է 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության շուրջ 150 ներկայացուցիչ, այդ թվում՝ դեսպաններ, դիվանագետներ և ռազմական ատաշեներ։

Բաքվի ռեժիմի համար նմանօրինակ զանգվածային այցելությունները վաղուց դարձել են քարոզչական հիմնական լծակներից մեկը։ Օտարերկրյա դիվանագետներին բռնազավթված բնակավայրեր տանելով՝ Ադրբեջանը փորձում է քաղաքակիրթ ներկայության պատրանք ստեղծել այն հողերում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ իրականացվել են էթնիկ զտումներ, իսկ տեղի բնակչությունը բռնի տեղահանվել է։

Միջազգային հանրության և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությունն այսպիսի բեմադրություններին լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Առանց տարածաշրջանում տեղի ունեցած հումանիտար աղետի, հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման փաստերի արդարացի գնահատման՝ նման քայլերը փաստացի լռելյայն համաձայնություն են Բաքվի ագրեսիվ քաղաքականությանն ու ուժի կիրառման արդյունքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում