Արամ Քոչարյան․ «Հ1-ն ամսական 1,5 մլն դոլար է ծախսում՝ ընդդիմության խոսքը լուսանցքում պահելու համար»

Արամ Քոչարյան․ «Հ1-ն ամսական 1,5 մլն դոլար է ծախսում՝ ընդդիմության խոսքը լուսանցքում պահելու համար»

Հանրային հեռուստաընկերությունը ամսական ծախսում է շուրջ 1,5 միլիոն դոլար, սակայն Ազգային ժողովի նստաշրջանի ընթացքում հրապարակված 73 հոդվածներից ընդամենը 3-ն են անդրադարձել ընդդիմության խոսքին։ Այս մասին ահազանգում է Արամ Քոչարյանը՝ ներկայացնելով խորհրդարանական նիստերի լուսաբանման վերաբերյալ իրականացրած ընդգրկուն վերլուծության արդյունքները։

Քոչարյանի փոխանցմամբ՝ տվյալների հավաքագրումն ու համադրումն իրականացվել է ժամանակակից տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ։ Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են ԱԺ 14 օրվա աշխատանքները, նիստերի պաշտոնական սղագրություններն ու Հանրայինի «Լուրեր» էջի բոլոր հրապարակումները։

Արամ Քոչարյանն իր հրապարակած հայտարարության մեջ ամբողջությամբ ներկայացրել է ստացված պատկերը․

«Հ1-ը ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի ժամանակ 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը։ Հատկանշական է, թե ընդդիմության կոնկրետ որ խոսքերն են համարել ճիշտ լուսաբանելու․

1. Արամ Վարդևանյանի, երբ ասել է, որ ուզում են ԱԺ-ում աշխատել։

2. Հայկ Ֆարմանյանի, երբ ասել է, որ Թրիփին կողմ կլինեն։

3. Ու Նարեկ Կարապետյանի, երբ ասել է, որ Էդգար Ղազարյանի հարցը կքննարկեն։

Ի՞նչ գիտեմ։ Ես ChatGPT-ի (Codex-ի) հետ վերլուծել եմ ԱԺ 14 օրվա տվյալները, ԱԺ սղագրությունները և «Լուրեր» էջի հրապարակումները՝ առանձնացրել, ստուգել, դասակարգել։ Ամբողջապես հավաքել եմ ինֆորմացիան, համեմատել, նորից ճշտել ու առանձին կայքէջ պատրաստել բոլոր տվյալներով։

4 օրից սկսվելու է ԱԺ երկրորդ նստաշրջանը։ Տարածեք այս գրառումը, որ ստիպված լինեն հաշվի նստել ու չշարունակել իրենց էս պրոպագանդիստական գործունեությունը»։

Հետազոտության հեղինակը շեշտում է, որ հանրային միջոցների հաշվին գործող լրատվամիջոցը փաստացի զբաղված է միակողմանի քարոզչությամբ։ Առաջիկա նստաշրջանին ընդառաջ նա կոչ է անում լայնորեն տարածել հավաքագրված փաստերը՝ ստիպելով Հանրային հեռուստաընկերությանը վերանայել իր քաղաքականությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում