Ալեն Ղուլյան․ «ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ստեփանակերտում լուսանկարվել է ավերված հայկական թաղամասի տեղում»

Ալեն Ղուլյան․ «ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ստեփանակերտում լուսանկարվել է ավերված հայկական թաղամասի տեղում»

Փորձագետ, հանրային գործիչ Ալեն Ղուլյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը և Բաքվում ակրեդիտացված դիվանագիտական կորպուսի այցելություններին։ Nրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունը աչք է փակում ադրբեջանական ռեժիմի հանցագործությունների վրա։

«Օկուպացված Արցախում ադրբեջանական ռեժիմը բուլդոզերներով պարբերաբար ոչնչացնում և երկրի երեսից ջնջում է հայկական պատմական ու մշակութային ժառանգությունը՝ ամբողջական բնակելի և պատմական թաղամասեր, գյուղեր, գերեզմանոցներ, տաճարներ, եկեղեցիներ, խաչքարեր և ճարտարապետական հուշարձաններ։ Դրա մասին հարյուրավոր ֆոտո և տեսաապացույցներ կան։ Այս հանցագործությունների մասին խոսում են բոլորը, բացի Նիկոլի ռեժիմից․ սոցցանցերի օգտատերեր, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ և մշակութային ժառանգության մոնիտորինգով զբաղվող առանձին կազմակերպություններ։

Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանոցի ոչնչացման մասին, որտեղ կային հնագույն հայկական խաչքարեր ու տապանաքարեր։

Եվ ահա այսօր Իլհամի ռեժիմը կազմակերպեց հերթական (22-րդ) քարոզչական այցը օկուպացված Արցախ՝ Ադրբեջանում ակրեդիտացված դիվանագիտական կորպուսի համար, որին մասնակցում էր 150 ներկայացուցիչ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։

Ադրբեջանական ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ այդ տուրին մասնակցել է նաև Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նախօրեին ժամանել էր Ադրբեջան՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման համար։

Կադրերում երևում է, թե ինչպես է նա այլ դիվանագետների հետ միասին լուսանկարվում Ստեփանակերտի ավերված պատմական թաղամասի տեղում, այցելում մզկիթ (որը, ի դեպ, վերանորոգվել էր դեռ այն ժամանակ, երբ մենք՝ հայերս, ապրում էինք Արցախում), ինչպես նաև այցելում Շուշիում կառուցվող նոր մզկիթը, որը բարձրացվում է իրենց իսկ կողմից պղծված Ղազանչեցոց հայկական եկեղեցուց ընդամենը 200 մետր հեռավորության վրա։

Մագդալենա Գրոնոյի մակարդակի դիվանագետները հրաշալի գիտեն, որ ադրբեջանական ռեժիմը համակարգված ոչնչացնում է հայկական ամեն ինչ օկուպացված Արցախում։ Այնուամենայնիվ, այցելելով Արցախ, նա այդպես էլ չբարեհաջեց այցելել ոչնչացված կամ պղծված հայկական պատմական ու կրոնական օբյեկտներից որևէ մեկը, թեև Ստեփանակերտում և Շուշիում դրանք գտնվում էին իր այցելած վայրերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Նա առնվազն կարող էր հրաժարվել Ստեփանակերտի քանդված բնակելի թաղամասում ֆոտոսեսիային մասնակցելուց, բայց փոխարենը հպարտորեն լուսանկարվում էր դիվանագետների և Իլհամ Ալիևի օգնականի հետ։

Ի դեպ, Արցախից հետո Գրոնոն այցելելու է Հայաստան և հանդիպելու է Հայաստանի այսպես կոչված իշխանությունների հետ։ Դժվար թե Երևանում նրան որևէ պահանջ ներկայացնեն․ ավելի շուտ կհետաքրքրվեն Շուշիի նոր մզկիթի շինարարության ընթացքով»,- նշել է Ալեն Ղուլյանը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում