«Բանակը միայն փողն ու տեխնիկան չէ»․ Արտակ Զաքարյանը՝ Սաուդյան Արաբիայի և հուսիների հակամարտության մասին
Կարդացեք նաև
Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի նոր էսկալացիայի և Սաուդյան Արաբիայի ու հուսիների հակամարտության շուրջ ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ վերլուծություն է հրապարակել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ռազմական կարողություններին և տարածաշրջանային զարգացումներին՝ Զաքարյանն ընդգծել է․
«Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է»:
Զաքարյանի փոխանցմամբ՝ ռազմական արշավն ընդլայնելու փոխարեն Սաուդյան Արաբիան այժմ զբաղված է միջնորդներ փնտրելով։ Ըստ միջազգային աղբյուրների՝ Էր-Ռիադը դիմել է Չինաստանին՝ Իրանի վրա ճնշում գործադրելու խնդրանքով, իսկ Օմանին՝ հուսիներին երկշաբաթյա հրադադար առաջարկելու համար։
«Կարծում եմ միջնորդների ընտրությունը հուսահատության դրսևորում չէ, այլ սթափ հաշվարկ։ Օմանը տարիներ շարունակ բաց կապ է պահպանել հուսիների հետ այն ժամանակ, երբ մյուսները նրանց հետ խոսում են միայն զենքի սպառնալիքի միջոցով։ Չինաստանն էլ կարողանում է անել այն, ինչն այժմ խիստ պակասում է հենց Էր-Ռյադին՝ միաժամանակ խոսել և՛ Թեհրանի, և՛ սաուդցիների հետ»,- նշում է նա։
Իրավիճակի շտապողականությունը, ըստ վերլուծաբանի, պայմանավորված է աշխարհագրությամբ․ հուսիներն առաջ են շարժվել Կարմիր ծովի ափամերձ հատվածով և մոտեցել Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցին, որով անցնում է նավթի արտահանման հիմնական մասը։
«Արդյունքում ստեղծվել է գրեթե տարօրինակ իրավիճակ: Վաշինգտոնը հեռվից «փորձում» է զսպել էսկալացիան: Պեկինը՝ «փորձում» է համոզել Թեհրանին: Օմանը բանակցում է հուսիների հետ: Իսկ Սաուդյան Արաբիան շրջանցում է երեքին՝ խաղաղություն խնդրելով հուսիներից, լավ հասկանալով, որ խնդրանքով ու գլխիկոր խաղություն չի լինում: Գլխավոր հարցը հիմա այն է, կգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել»,- եզրափակել է Արտակ Զաքարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում