Ցեմենտի ճգնաժամ Հայաստանում․ ինչո՞ւ են կանգնում շինարարությունները և ինչպես է ազդում Իրանի սահմանի իրավիճակը
Կարդացեք նաև
Հայաստանի շինարարական ոլորտը հայտնվել է փակուղում. արդեն ավելի քան երկու շաբաթ շուկայում ցեմենտի սուր պակասուրդ է, ինչի պատճառով կառուցապատողները ստիպված են ժամանակավորապես սառեցնել շինարարական նախագծերը:
Խնդիրն ակնհայտ է նաև մանրածախ վաճառքի կետերում: Շինանյութի խանութներում ցեմենտը կա՛մ իսպառ բացակայում է, կա՛մ վաճառվում է խիստ սահմանափակաքանակ բացթողնումներով, ընդ որում՝ մեկ պարկի հաշվարկով գինն ավելացել է առնվազն 400 դրամով:
Շուկայական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը Իրանից ներկրվող ծավալների կտրուկ անկումն է: Մաքսային անցակետերում գոյացել են բեռնատարների հսկայական հերթեր․ ներմուծողների փոխանցմամբ՝ որոշ մեքենաներ ստիպված են լինում սահմանին սպասել մինչև 16 օր: Իրավիճակն ավելի է բարդացել Իրանի ներքին կարգավորումների փոփոխության հետևանքով, որտեղ ցեմենտի իրացումն այժմ իրականացվում է տեղական բորսայի միջոցով, ինչը բարձրացրել է ձեռքբերման ինքնարժեքը:
Այս ամենին զուգահեռ՝ խնդիրներ են արձանագրվում նաև տեղական արտադրության ոլորտում։ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ընթացող իրավական ու քաղաքական գործընթացների, սեփականության իրավունքի վեճերի և իշխանությունների կողմից ժամանակավոր կառավարում սահմանելու ֆոնին, գործարանի արտադրողականությունը փաստացի չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը։
Չնայած հնչող պաշտոնական հայտարարություններին ու ներկայացվող արտադրական թվերին՝ տեղական շուկայում առկա դեֆիցիտը փաստում է, որ ներկայիս կառավարման պայմաններում գործարանը ի վիճակի չէ փակել առաջացած ճեղքվածքը և կանխել շինարարական ոլորտի կանգը։
Շինարարական աշխատանքների ընդհատումը հղի է լուրջ ֆինանսական հետևանքներով, և ոլորտի ներկայացուցիչները սպասում են հարցի համակարգային լուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում