Մարդասիրական առաքելություն՝ անորոշության մեջ. Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու այցի խոչընդոտների և հայ գերիներին ուղղված նամակների մասին
Կարդացեք նաև
Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը պատրաստ է մեկնել Բաքու հայ գերիներին այցելելու համար, սակայն այցելության հնարավորությունն ու անվտանգության պայմանները դեռևս պաշտոնապես համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է Վերոնիկա Զոնաբենդը՝ ընդգծելով, որ նախաձեռնության անդամները պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր մասնակցի համար և չեն կարող նրանց վտանգի ենթարկել։ Տարբեր երկրների հասարակական ու մասնագիտական շրջանակներում հայտնի կանայք նպատակ ունեին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում գտնվող հայ բանտարկյալներին՝ նրանց փոխանցելով հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։
Զոնաբենդի խոսքով՝ դեռևս 2026 թվականի հունիսից ի վեր մի քանի անգամ դիմումներ են ուղղվել Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր և խնդրելով համաձայնեցնել անվտանգության պայմանները, սակայն պատասխան մինչ օրս չի ստացվել։ Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հնարավոր ձերբակալության սպառնալիքների մասին, իսկ օգոստոսի 25-ից սկսած՝ արգելվել է նաև Ռուբենի տեղացի փաստաբանի մուտքն ու հանդիպումը նրա հետ։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական աջակցություն ստանալու ակնկալիքով դիմում է ներկայացվել նաև Հայաստանի կառավարությանը, սակայն օգոստոսի 17-ին կայացած հանդիպումից հետո պատասխանատու անձ դեռևս չի նշանակվել, և գրավոր հարցումն անպատասխան է մնում։
Չնայած այս խոչընդոտներին՝ նախաձեռնող խումբը որոշել է չհետաձգել աջակցության նամակների փոխանցումը։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանն են հանձնվել հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակները՝ Բաքու հասցնելու խնդրանքով։ Զոնաբենդը վստահեցրել է, որ աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձել տուն, և կապը նրանց ընտանիքների հետ չի վերականգնվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում