Բրյուսելի հռչակավոր «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրվա առթիվ հայկական տարազ է կրել

Բրյուսելի հռչակավոր «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրվա առթիվ հայկական տարազ է կրել

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի հայտնի խորհրդանիշ Մաննեկեն Պիսին (Manneken Pis / «Միզող տղային») հագցրել են հայկական ազգային տարազ։

Բրյուսելում գործում է բազմամյա քաղաքային ավանդույթ․ տարվա ընթացքում՝ հատուկ օրերին և տարբեր պետությունների ազգային տոներին, քանդակը զգեստավորվում է տվյալ երկրի ազգային հագուստով կամ հատուկ համազգեստով։ Այս արարողակարգն իրականացվում է տվյալ երկրի դեսպանության, դիվանագիտական ներկայացուցչության և Բրյուսել քաղաքի իշխանությունների համագործակցությամբ։

Անկախության տոնի առթիվ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ իրականացվող այս միջոցառման ընթացքում քանդակի մոտ են հավաքվում հայ դիվանագետներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր՝ նշելու Հայաստանի տոնը։

Մաննեկեն Պիսի հատուկ զգեստապահարանում (որն այժմ ցուցադրվում է Բրյուսելի քաղաքային թանգարանում) պահվում են աշխարհի տարբեր պետություններից ու ժողովուրդներից նվիրաբերված ավելի քան 1000 տարբեր զգեստներ, որոնց թվում իր ուրույն տեղն ունի նաև հայկական ավանդական տարազը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում