««Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն» լկտի սուտ է»․ Միհրան Հակոբյան
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի ամբիոնից հնչած այն պնդումը, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», լկտի սուտ է։ Facebook-ի իր էջում նման տեսակետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ և «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը։
Իր հրապարակման մեջ պատմաբանն ամբողջությամբ ներկայացրել է պատմական փաստերն ու իրականությունը․
««Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»… Այս լկտի սուտը ազգադավ Նիկոլը հնչեցրել է ՄԱԿ-ի ամբիոնից:
Սա լկտի սուտ է, որովհետև եթե ազգադավն ի նկատի ունի թուրքա-բրիտանա-բոլշևիկյան նախագիծ Ադրբեջան պետությունը, ապա դրա հիմքում ի սկզբանե դրված է եղել ու կա հայակերությունը: Դրա ապացույցը 1918-1920 թվականների հայերի համակարգված ջարդերն էին հայակեր այդ նախագծի տարածքում, ինչի գագաթնակետը դարձավ 1920 թվականին հայկական Շուշիի ոչնչացումը (բնակչությամբ հանդերձ):
Սա լկտի սուտ է, որովհետև ժողովուրդների բարեկամություն հորջորջող Սովետական Միությունում Ադրբեջանը հայաթափեց Նախիջևանը: Այն նախիջևանը, որը ինքնավար հանրապետություն էր Սովետական Ադրբեջանի կազմում, քանզի բնակչության ուղիղ կեսը հայեր էին: Լկտի սուտ է, քանզի Սովետական Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքներում է 1988-1990 թվականներին կազմակերպվել հայերի համակարգված ջարդերը, զտումներն ու ցեղասպանական գործողությունները: Լկտի սուտ է, որովհետև այսօր Արցախում հայեր չեն ապրում:
Լկտի սուտ է, որովհետև եթե ազգադավն ի նկատի ունի ավելի հին շրջանում Հարավային Կովկասում ապրող մուսուլմանների (որոնք հիմա ադրբեջանցի են կոչվում) հետ հայերի հարաբերությունները, ապա մենակ էշը կարող է պնդել, որ դրանք խաղաղ են եղել: Փանահ Ալի Ջևանշի՞րն էր խաղաղ կերպով հարաբերվում հայերի հետ ու նվաճում Ղարաբաղը: Թե՞ թյուրքական ծագմամբ Շահ Աբբասի արածն էր խաղաղ գործողություն, երբ 1604 թվականին դատարկում էր ժամանակակից Հայաստանի և Նախիջևանի տարածքը հայերից ու տեղը բերում էր Իրանի խորքերում քարշ եկող թյուրք-մուսուլմանական զանգված, որը հետագայում պետք է ադրբեջանցի կոչվեր: Իրականում Շահ Աբբասի արածը ոչնչով չի տարբերվում Թալեաթի արածից, իսկականից ոչնչով չի տարբերվում:
Հիմա փորձեմ ձևակերպել խնդիրը: Ազգադավին թվում է, թե կարող է կյանքի կոչել հայտնի ասացվածքը` պատմությունը գրում են հաղթողները: Այո, Նիկոլը, Ալիևն ու Էրդողանն այս ռաունդում հաղթել են հայերին: Դա փաստ է: Հիմա հայերին հաղթած այս եռյակը փորձում է առաջ տանել միտքը, թե հայերը թուրք-ադրբեջանցիների հետ միշտ հաշտ ու խաղաղ են ապրել, հետո ինչ-որ պահի հայտնվել են «արտաքին ուժեր» (դեպի ռուսներ «նամյոկներով»), որոնք հայերին «քսի են տվել» թուրք-ադրբեջանցիների վրա, ինչի հետևանքով եղել է այն, ինչ եղել է… Իսկ ինչ էլ եղել է, օտարի խելքին ընկած հայերի պատճառով է եղել…
Խնդիրը սա է, որի միակ լուծումը այդ բանաձևը ջարդելն է ու ապացուցելը, որ պատմությունը չեն գրում հաղթողները, պատմությունը գրում են պատմութայն մասին խոսելուց չվախեցող պատմությունն իմացողները, որոնք թույլ չեն տալու այսօրվա հաղթողներին կեղծել իրականությունը:
Հիշեք հայերին հաղթածների դեմ միակ հակախաղը ճշմարտությունից խոսելն է առանց հոգնելու, առանց հիասթափվելու, անդադար ու անընդմեջ…»,- գրել է Միհրան Հակոբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում