«Պետական որոշումները չպետք է ընդունվեն վարկանիշի համար»․ Հարավային Կորեայի նախագահը խիստ քննադատել է Ուկրաինային
Կարդացեք նաև
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինային այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում հրապարակայնորեն հայտարարեց Ռուսաստանի Կուրսկի մարզում գերեվարված երկու հյուսիսկորեացի զինծառայողներին Սեուլին փոխանցելու մասին։ Հարավկորեական կողմի պնդմամբ՝ կողմերը պայմանավորվել էին չհրապարակել այդ տեղեկատվությունը։
Լի Չժե Մյոնն ընդգծել է, որ նման զգայուն տեղեկատվության հանրայնացումը կարող է վտանգի տակ դնել Հյուսիսային Կորեայում գտնվող գերիների հարազատներին, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ Սեուլի և Փհենյանի հարաբերությունների վրա։
«Թեև ինձ հայտնի չեն հանգամանքները, որոնք ուկրաինական կողմին դրդել են խախտել գաղտնիության պայմանավորվածությունն ու բացահայտել այս տեղեկատվությունը, ստեղծված իրավիճակը խայտառակություն է»,- X սոցիալական ցանցում գրել է Հարավային Կորեայի նախագահը։
Նա նշել է, որ պետական հարցերով որոշումները պետք է ընդունվեն երկրի և դրա բնակչության շահերից ելնելով, այլոչ թե «իշխող ռեժիմի կամ իշխանության ղեկին գտնվողների ժողովրդականությունը բարձրացնելու համար»։ Լիի խոսքով՝ նրանց, ովքեր անձնական մանր օգուտների համար վտանգի տակ են դնում մարդկային կյանքերը, ազգային շահերն ու անվտանգությունը, անվանում են մարդասպաններ կամ դավաճաններ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը, սակայն, հերքել է գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ որևէ պայմանավորվածության գոյությունը։ Ուկրաինական աղբյուրների պնդմամբ՝ Կիևը նման պարտավորություն իր վրա չէր վերցրել, և քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու ռազմագերիների հետ կապված գործընթացներին։
Հիշեցնենք, որ ԿնԴՀ-ի զինծառայողները Ռուսաստանի կողմից մասնակցում էին Կուրսկի մարզում ընթացող մարտական գործողություններին․ Մոսկվան և Փհենյանը սկզբում հերքում էին նրանց ներկայությունը, սակայն 2025 թվականի ապրիլին պաշտոնապես հաստատեցին Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղեկություններ չունի Հարավային Կորեային երկու հյուսիսկորեացի գերիների փոխանցման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում