Դոնալդ Թրամփի աղմկահարույց լուսանկարը Սի Ծինփինի հետ․ փորձագետները արհեստական բանականության հետքեր են գտել
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական Truth Social ալիքում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ՝ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայի կարմիր գորգի վրա։ Լրատվական փորձագետները պնդում են, որ հրապարակված պատկերն անցել է արհեստական բանականության (ԱԲ) խորքային խմբագրում։
Միջազգային լրատվական գործակալությունների կողմից ավելի վաղ հրապարակված բնօրինակ տեսանյութերում և լուսանկարներում հստակ երևում էր, թե ինչպես է Թրամփը դեմքը ծմկում գլխավերևով թռչող կործանիչների ուժգին աղմուկից, մինչդեռ Սի Ծինփինը պահպանում էր լիակատար հանգստություն։ Սակայն Թրամփի հրապարակած տարբերակում նրա դեմքն անդորր է ու անդրդվելի։
Դրեքսելի համալսարանի տվյալների վերլուծության փորձագետ Մեթյու Սթամը AFP գործակալության հետ զրույցում նշել է, որ լուսանկարում գրեթե վստահաբար առկա են գեներատիվ արհեստական բանականության հետքեր։ Բացի դեմքի արտահայտությունից, պատկերում փոխվել են նաև հագուստի կարևոր դետալներ։ Truth Social-ի լուսանկարում Թրամփը կրում է միագույն կապույտ փողկապ և միայն մեկ ձեռնոց, մինչդեռ լրատվամիջոցների բնօրինակ կադրերում նա զոլավոր փողկապով է և ձեռնոցներով՝ երկու ձեռքին։ Բացի այդ, երկրորդ պլանում գտնվող կնոջ կոշիկները նույնպես տարբերվում են բնօրինակից։
Համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որտեղ Թրամփը դեմքն է ծմկում հանգիստ կանգնած Չինաստանի առաջնորդի կողքին, դարձել էր սոցցանցային ծաղրանքների և ամերիկյան երեկոյան շոուների, մասնավորապես՝ հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնի քննարկման թեման։ Օգտատերերը նաև զարմանք էին հայտնել, թե ինչու է ԱՄՆ նախագահը վերարկու և ձեռնոցներ կրում մոտ +18°C ջերմաստիճանի պայմաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում