Բիլ Գեյթսը զգուշացրել է արհեստական բանականության պատճառով «մեկ միլիարդ մարդու մահվան» սպառնալիքի մասին

Բիլ Գեյթսը զգուշացրել է արհեստական բանականության պատճառով «մեկ միլիարդ մարդու մահվան» սպառնալիքի մասին

Արհեստական բանականությունն (ԱԲ) օժտված է բավարար հզորությամբ՝ հանգեցնելու այնպիսի իրադարձությունների, որոնք կարող են պատճառ դառնալ «մեկ միլիարդ մարդու մահվան»։ Նման մտահոգություն է հայտնել Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը NBC հեռուստաալիքի Meet the Press ծրագրին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը կհեռարձակվի սեպտեմբերի 27-ին։

Գեյթսի գնահատմամբ՝ «երբեք չի եղել ավելի հզոր զենք, քան չար մտադրություններ ունեցող մարդկանց և ԱԲ նորագույն գործիքների համադրությունը»։ Ստեղծված իրավիճակում նա Վաշինգտոնի օրենսդիրներին կոչ է արել անհապաղ միջամտել և օրենսդրական կարգավորումներ սահմանել ոլորտի զարգացման համար։ Գեյթսն ընդգծել է, որ ինքնակարգավորումն այլևս բավարար չէ, և հաստատական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է հատուկ օրենք ընդունել Վաշինգտոնում։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններն ու քաղաքական գործիչները պետք է անմիջականորեն ներգրավվեն անվտանգության և մոնիթորինգի մեխանիզմների մշակման գործընթացում, և այդ պահանջները պետք է կրեն պարտադիր բնույթ։ Գեյթսը նկատել է, որ սա տեխնոլոգիական ոլորտի համար որոշակի լրացուցիչ ծախսեր կառաջացնի, սակայն էականորեն չի դանդաղեցնի դրա ընդհանուր զարգացման տեմպերը։

Արհեստական բանականության անվերահսկելի զարգացման վտանգների մասին նախկինում ահազանգել էին նաև տեխնոլոգիական հսկաների ղեկավարները, այդ թվում՝ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, Anthropic-ի գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեին, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Google-ի ղեկավար Սունդար Պիչային, ինչպես նաև առաջատար բազմաթիվ գիտնականներ։ Հատկանշական է, որ նախորդ ամիս Բիլ Գեյթսն իր անձնական բլոգում հրապարակած էսսեում անդրադարձել էր նաև ԱԲ-ի պատճառով աշխատատեղերի զանգվածային կորստի ռիսկերին՝ ներկայացնելով խնդրի հնարավոր լուծման իր առաջարկները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում