Սկանդալ Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի հեռացման շուրջ․ հերոսի հայրը հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցչի հետ

Սկանդալ Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարի հեռացման շուրջ․ հերոսի հայրը հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցչի հետ

Երևանում հեռացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։ Այս մասին առաջինը հայտնել է նրա տուն-թանգարանը։

Քաղաքապետարանից լրատվամիջոցներին պարզաբանել են, որ պատկերն հեռացվել է «բարեկարգման աշխատանքների շրջանակում»։ Ըստ առկա տեղեկությունների՝ որմնանկարը պատից հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռևս տեղում էր։

Այս քայլը խիստ դժգոհություն ու ալեկոծություն է առաջացրել սոցիալական ցանցերում։ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս զոհված զինծառայողները պատմության մեջ են մտել որպես հայրենիքը պաշտպանած հերոսներ։

Սեպտեմբերի 28-ին հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտնել է, որ հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ և քննարկել որդու որմնանկարի հարցը։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ստացել է անհրաժեշտ պարզաբանումներ, ինչպես նաև քննարկվել է նկարի ձևաչափի վերականգնման հարցը։

«Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»,- ընդգծել է Արտակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջնական պատասխանը ստանալուց հետո լրացուցիչ կտեղեկացնի մամուլին ու մտահոգ քաղաքացիներին։

19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Պատերազմի օրերին հրետանային կրակ վարելիս արված նրա լուսանկարը լայնորեն տարածվել էր ամբողջ աշխարհում և դարձել 44-օրյա պատերազմի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում