Պուտինի նոր հրամանագիրը. Ռուսաստանից Հայաստան կանխիկ դրամի արտահանման խիստ սահմանափակումներ են մտցվել
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով խիստ սահմանափակումներ են մտցվում Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ դրամի արտահանման կարգում։ Ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթի՝ ֆիզիկական անձանց արգելվում է երկրից դուրս բերել 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ գումար դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, նրանց համար կանխիկ միջոցների արտահանումն արգելվում է՝ անկախ գումարի չափից։
Փաստաթղթով սահմանված են նաև խիստ պատժամիջոցներ արգելքը խախտողների նկատմամբ։ Կանոնները խախտելու դեպքում ֆիզիկական անձանցից ենթակա է բռնագրավման 1 միլիոն ռուբլին գերազանցող չափը, իսկ իրավաբանական անձանցից ու ԱՁ-ներից՝ տեղափոխվող ամբողջ գումարը։ Արգելքից բացառություն է նախատեսվում միայն այն դեպքերում, երբ դրամական միջոցները տեղափոխվում են միջազգային օդանավակայանների օդային անցակետերով՝ բանկի կողմից տրված համապատասխան պաշտոնական քաղվածքի առկայության դեպքում։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում