ԵՄ-ում անվճար ձեռքի ուղեբեռի նոր կանոններ են սահմանվում

ԵՄ-ում անվճար ձեռքի ուղեբեռի նոր կանոններ են սահմանվում

Եվրոպական Միության տարածքում ավիացիոն փոխադրումների ոլորտում նախապատրաստվում է վերջին տասնամյակների ամենամեծ բարեփոխումը, որն էապես կփոխի ուղևորների սպասարկման պայմանները։ Եվրոխորհրդարանի և ԵՄ անդամ պետությունների միջև ձեռք բերված նախնական համաձայնության համաձայն՝ ստանդարտ տոմս գնող քաղաքացիներն իրավունք կստանան առանց հավելավճարի օդանավի սրահ տանել ձեռքի ուղեբեռի երկու միավոր։ Սա 2004 թվականից ի վեր ավիաուղևորների իրավունքների պաշտպանության օրենսդրության առաջին համակարգային վերանայումն է։

Նոր կարգավորումներով նախատեսվում է, որ ստանդարտ սակագնի մեջ ավտոմատ ներառվելու է առջևի նստատեղի տակ տեղավորվող անձնական իրը և մեկ համեմատաբար խոշոր պայուսակ՝ մինչև 7 կիլոգրամ քաշով ու մինչև 100 սանտիմետր ընդհանուր չափսերով։ Այս փոփոխությունը նպատակ ունի վերացնել ավիաընկերությունների կողմից ձեռքի ուղեբեռի համար գանձվող լրացուցիչ վճարները, թեև փոխադրողները դեռ կպահպանեն առանց ուղեբեռի էժան տոմսեր վաճառելու հնարավորությունը։

Օրենսդրական փաթեթի վերջնական հաստատումից հետո նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ոչ շուտ, քան 2027 թվականի հոկտեմբերին։ Սակայն այս բարեփոխումները չեն տարածվի Մեծ Բրիտանիայի օդանավակայաններից մեկնող չվերթների վրա։ Brexit-ից հետո բրիտանացի ուղևորները չեն համարվում ԵՄ քաղաքացիներ, ուստի «easyJet», «British Airways» և տեղական այլ ավիաընկերությունների հաճախորդները նոր արտոնություններից կկարողանան օգտվել միայն ԵՄ երկրներից դեպի Միացյալ Թագավորություն հետադարձ թռիչքների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում