ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության վերաբերյալ
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած արտակարգ միջադեպի վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ դեռևս սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չէր բացառվում, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ինչից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել էին համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերի ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է հենց հիշյալ ադրբեջանցի զինծառայողը, ով անմիջապես ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են ադրբեջանական կողմին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում