Արցախի օկուպացիայի արդարացում և հոխորտանք արտաքին աշխարհին. Բաքվի բռնապետի հերթական ելույթը «Ենի Ազերբայջան»-ի համագումարում
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ և իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևը կուսակցության 8-րդ համագումարում հանդես է եկել ծավալուն ելույթով, որում միախառնվել են տարածաշրջանային իրողությունների խեղաթյուրումը, ռազմատենչ սպառնալիքներն ու պատմական մանիպուլյացիաները։
Իր խոսքում Ալիևը չի թաքցրել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Բաքվի ամբողջ քաղաքականությունն ու գործողություններն ուղղված են եղել մի քանի ճակատներով ուժային ճնշման շարունակմանը։ Նա հայտարարել է, թե Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների միջև ընկած ժամանակահատվածում իրենք հետևողականորեն քայլեր են ձեռնարկել՝ տարածաշրջանում սեփական օրակարգը պարտադրելու համար։ Ալիևը հատուկ շեշտադրել է, որ սա կուսակցության առաջին համագումարն է, որն անցկացվում է Արցախի լիակատար հայաթափումից և տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո։
Ելույթում տեղ են գտել նաև ներքաղաքական և պատմական մանիպուլյատիվ թեզեր։ Ալիևը փորձել է պատմական զուգահեռներ անցկացնել 1990-ականների սկզբի իրադարձությունների հետ՝ պնդելով, թե իբր հոր՝ Հեյդար Ալիևի՝ Ադրբեջանում գտնվելու պարագայում հնարավոր կլիներ կանխել Արցախյան ազատագրական շարժումն ու հակամարտության սկիզբը։
Ելույթի զգալի մասը նվիրված է եղել «արտաքին սպառնալիքներին» և ինքնահաստատմանը։ Հայտարարելով, թե Ադրբեջանում ներքին ռիսկեր չկան, նա հիմնական վտանգները տեսել է երկրի սահմաններից դուրս։ Ալիևն ընդգծել է, որ որևէ հարված անպատասխան չեն թողնում և արտաքին միջամտության փորձերին արձագանքում են այնպես, որ «յուրաքանչյուրն իր տեղը նստի»։ Նա նաև շեշտել է «իդեոլոգիական անվտանգության» կարևորությունը՝ կոչ անելով կրթության և հայրենասիրության միջոցով պայքարել արտաքին քարոզչության ու «գաղափարական դիվերսիաների» դեմ։
Այս հայտարարություններն հերթական անգամ փաստում են, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է կառուցել իր ներքին և արտաքին քաղաքական գիծը ուժի սպառնալիքի, պատմական փաստերի խեղաթյուրման, հարևանների նկատմամբ թշնամանքի պահպանման և սեփական հանրությանը արտաքին «վտանգներով» վախեցնելու տրամաբանության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում