Բաքուն կոչ է անում Երևանին հասարակությանը նախապատրաստել խաղաղության. Հիքմեթ Հաջիև

Բաքուն կոչ է անում Երևանին հասարակությանը նախապատրաստել խաղաղության. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Այս մասին Բաքվում ընթացող CAMCA 2026 տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն մտահոգված է հայկական հասարակությունում առկա որոշ միտումներով, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությամբ։

«Մեկ այլ մտահոգիչ գործոնն այն է, որ ռևանշիստական տրամադրությունները պահպանվում են հայ երիտասարդության շրջանում։ Սա կարևոր հանգամանք է։ Այդ պատճառով մենք նույնպես կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ», – նշել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ Բաքվի կողմից կա ռազմավարական վճռականություն՝ շարունակել խաղաղության օրակարգը, գործնականում ամրապնդել այն և կառուցել խաղաղության այնպիսի ճարտարապետություն, որը կկարողանա ապահովել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։

«Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ։ Եվ այդ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում