5 հոդվածով քրեական գործ. Շաքիում ադրբեջանցու ներխուժման նոր մանրամասները
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի ապօրինի ներխուժման, բնակարան մտնելու և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքի առթիվ իրավապահ մարմինները քրեական վարույթ են նախաձեռնել 5 հոդվածով։
Իրավական ընթացակարգերն ընդգրկում են զենքի կիրառմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշները։ Սահմանահատման և մաքսանենգության դեպքերով առանձին քննվող դրվագները միացվել են հիմնական քրեական գործին։
Միջադեպի մանրամասների համաձայն՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը մտել է Շաքի գյուղի տներից մեկը և կրակ բացել տանտիրուհու ուղղությամբ։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել երեխաների աչքի առջև։ Հրազենային վիրավորում ստացած կինը սկզբում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ ավելի ուշ՝ Երևան։ Ստացած հոգեբանական ցնցման հետևանքով բժշկական օգնության կարիք է առաջացել նաև նրա երկու փոքրահասակ երեխաների համար։
Սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։ Իրավապահները շարունակում են քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու դրդապատճառները լիարժեք պարզելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում