Դարավոր կապերն ու քույր քաղաքները. Ռուսաստանում խոսել են Հայաստանի հետ համագործակցության մասին

Դարավոր կապերն ու քույր քաղաքները. Ռուսաստանում խոսել են Հայաստանի հետ համագործակցության մասին

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ձգտում են պահպանել ու խորացնել դարերով ձևավորված մարդասիրական ու միջմարդկային կապերը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միներալնիե Վոդիի ներկայացուցիչ Սերգեյ Նյուպան։

«Ինչպիսին էլ լինի քաղաքական իրավիճակը, մեր երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են շարունակել կառուցել և խորացնել դարերով ձևավորված միջմարդկային կապերը»,- ընդգծել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ երկկողմ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է նաև տարածաշրջանային մակարդակում, հատկապես՝ հումանիտար ոլորտում։ Նյուպան նշել է, որ հայ երաժիշտները, նկարիչներն ու քանդակագործներն ավանդաբար մասնակցում են Ստավրոպոլի երկրամասում անցկացվող մշակութային փառատոներին ու մրցույթներին։

Բացի այդ, դիվանագետը հիշեցրել է Հայաստանի և Ստավրոպոլի երկրամասի քաղաքների միջև գործող քույր քաղաքների պայմանագրերի մասին․ Ստավրոպոլն ու Երևանը քույր քաղաքներ են 2013 թվականից, իսկ Պյատիգորսկն ու Դիլիջանը՝ 2018-ից։

«Կողմերի միջև ակտիվ փոխգործակցություն է իրականացվում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մակարդակով՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտներում»,- եզրափակել է Նյուպան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում