«Ի՞նչներիդ է պետք 60% հարստացված վառելիքը». Վենսը պայման է դնում Իրանի առջև
Կարդացեք նաև
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ արդեն յոթ ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու համար Թեհրանը պետք է իրական և «էական» քայլեր ձեռնարկի միջուկային հարստացման կարողությունները կրճատելու ուղղությամբ։ Reuters-ին տված հարցազրույցում Վենսն ընդգծել է, որ Սպիտակ տունը չի բավարարվի լոկ ապագա կրճատումների մասին խոստումներով։
«Եթե միջուկային զենք չեք ուզում, ապա ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ 60 տոկոսով հարստացված վառելիքը»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ չէ «խոսքերը փոխանակել գործողությունների հետ»։ Չնայած հունիսին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության տապալմանը՝ Վենսը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը բաց է խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Միևնույն ժամանակ, իրավիճակը թեժանում է Հորմուզի նեղուցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Մոհամմադռեզա Նաղդին հայտարարել է, որ Իրանն առաջիկայում կփակի նեղուցում գտնվող այն անցուղիները, որոնք Թեհրանն ապօրինի է համարում։ Ըստ իրանական կողմի՝ այդ ուղիներն օգտագործվում են փոքր նավերի միջոցով նավթի ապօրինի տեղափոխման համար։
Վաշինգտոնում նաև մտահոգություն ունեն Իրանի բարձրագույն ղեկավարության ներսում որոշումների կայացման ընթացակարգերի վերաբերյալ։ Պատերազմի մեկնարկին ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների հետևանքով Այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո ամերիկյան կողմը նշում է, որ անհայտ է՝ ով է իրականում կառավարում երկիրը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ խնդիրը հենց ամերիկյան պաշտոնյաների հակասական հայտարարությունների մեջ է։ Ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ի համար ամսական շուրջ 3 միլիարդ դոլար են նստում, արդեն հանգեցրել են էներգակիրների համաշխարհային գների աճին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում