Սաուդյան կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայի նավթային օբյեկտներին․ Եմենյան հակամարտության նոր էսկալացիա
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոր օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայից դեպի արևմուտք գտնվող նավթային օբյեկտներին։ Հուսիթների «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի և տեղի բնակիչների փոխանցմամբ՝ Սանայում լսվել են հզոր պայթյուններ։
Հարձակումից առաջ Սաուդյան կոալիցիան հազվադեպ հանդիպող հայտարարությամբ կոչ էր արել քաղաքացիական անձանց անհապաղ լքել Եմենի նավթային ընկերության (Yemeni Oil Company) տարածքն ու հարակից պահեստարանները։ Հուսիթների ռազմական խոսնակ, գեներալ Յահյա Սարիան Telegram-ում արձագանքել էր նախազգուշացմանը՝ հայտարարելով, որ Սանայի վրա ցանկացած հարձակման դեպքում Անկարան կամ Ալ-Ռիադը կստանան դաժան և ցավոտ պատասխան։ Եմենի նավթային ընկերությունն իր հերթին նշել է, որ պահեստարանները դատարկ են եղել, և հարվածը չի ազդի բնակչության վառելիքի մատակարարումների վրա։
Իրավիճակի կտրուկ սրումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Սաուդյան Արաբիայում փորձում են հասկանալ ՀՕՊ համակարգերի ձախողման պատճառները, որոնց հետևանքով հուսիթների իրականացրած հրթիռային և ԱԹՍ-ների հարձակումը Ալ-Ռիադի միջազգային օդանավակայանի վրա խլել էր առնվազն 13 մարդու կյանք, իսկ ավելի քան 300-ը ստացել էին վիրավորումներ։ Հակամարտության նոր ալիքը բռնկվել էր անցյալ ամիս, երբ հուսիթները վերահսկողություն էին հաստատել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից ռազմավարական տարածքների վրա։
Միջադեպերի ֆոնին Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա և առաջնահերթությունը տալ դիվանագիտությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում