«Անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը»․ Շուրջ 70 ՀԿ-ներ և քաղաքացիներ դատապարտել են Ամուլսարի մեկնարկը

«Անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը»․ Շուրջ 70 ՀԿ-ներ և քաղաքացիներ դատապարտել են Ամուլսարի մեկնարկը

Շուրջ յոթ տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել աշխատանքները և վերանայել նախկինում ընդունված որոշումները։ Ստորագրյալները խիստ անպատասխանատու քայլ են որակել հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովից (COP17) առաջ հանքի բացման հանդիսավոր արարողության անցկացումը, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետը, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ հանքի շահագործումը խախտում է Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները և անտեսում ELARD ու TRC կազմակերպությունների 2019 թվականի փորձագիտական հաշվետվությամբ արձանագրված էկոլոգիական, ջրային և սեյսմիկ ռիսկերը։ Ըստ բնապահպանների ու քաղհասարակության ներկայացուցիչների՝ ցիանային եղանակով ոսկու կորզումը և ապարների թթվային դրենաժը անմիջական վտանգ են ներկայացնում Արփա ու Որոտան գետերի, Սևանա լճի, Ջերմուկի հանքային ջրերի համար, ինչպես նաև էական հարված են հասցնում Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացմանն ու հեռանկարներին։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) գործընթացի ավարտը, ապահովել «Էմերալդ» ցանցի տարածքների և «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, ինչպես նաև վերանայել նախագծի ֆինանսավորման համար տրամադրված 150 մլն դոլարի բյուջետային երաշխիքը։ Ստորագրյալները հայտնել են, որ պատրաստվում են փաստաթուղթը ներկայացնել միջազգային կազմակերպություններին՝ սպասվող բնապահպանական աղետը կանխելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում