Զանգվածային բողոքի ակցիաներ Ֆրանսիայում․ Փարիզում ձերբակալվել է ավելի քան 60 մարդ
Կարդացեք նաև
Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում հոկտեմբերի 17-ին մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կյանքի թանկացման և կրթական համակարգում առկա խնդիրների։ Ոստիկանության տվյալներով՝ միայն Փարիզում ձերբակալվել է առնվազն 61 մարդ, իսկ ֆրանսիական մայրաքաղաքի առանձին շրջաններում ցույցերի անցկացումը պաշտոնապես արգելվել էր։
Փարիզում՝ աջպահպանողական մեդիամագնատ Վենսան Բոլորեի կոնցեռնին պատկանող CNews հեռուստաընկերության կենտրոնակայանի մոտ, ցուցարարները տարբեր իրեր են նետել շենքի պատուհանների ուղղությամբ։ AFP գործակալության փոխանցմամբ՝ Մարսելում բողոքավորների մի խումբ կարճ ժամանակով ներխուժել է քաղաքապետարանի շենք։ Նույն քաղաքում ոստիկանությունը կանխել է փողոցը փակելու ամբոխի փորձը, իսկ որոշ ցուցարարներ փորձել են հարձակվել ոստիկանական տեղամասի վրա։
Ռենում և Լիոնում ցուցարարները փորձել են արգելափակել տրանսպորտային երթևեկությունը։ Ամբողջ երկրում հայտարարվել էր շուրջ 1500 տարբեր ցույցերի մասին․ միայն Փարիզում և հարակից շրջաններում ոստիկանությունն ակնկալում էր մոտ 40 հազար մարդու մասնակցություն, իսկ մյուս ռեգիոններում՝ ևս 150 հազար։ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախօրեին ակցիաների մասնակիցներին զսպվածության կոչ էր արել՝ ընդգծելով, որ բողոքի իրավունքը չպետք է ուղեկցվի բռնությամբ և անկարգություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում