Այո, Ադրբեջանն ասում է՝ պատրաստ չեմ ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Միրզոյան

Այո, Ադրբեջանն ասում է՝ պատրաստ չեմ ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Միրզոյան

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հարց է ուղղել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ բարձրացնելով չստորագրված խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի պահանջները կատարելու վերաբերյալ հարցադրումը։  

Լենա Մաթևոսյանն իր հարցում, մասնավորապես, նշել է․

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»։  

Արձագանքելով պատգամավորի հարցադրմանը՝ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ հայկական կողմը չի կիսում Բաքվի մոտեցումները, իսկ Սահմանադրության շուրջ որևէ բանակցություն չի ընթանում։

Արարատ Միրզոյանն իր պատասխանում, մասնավորապես, ընդգծել է․

«Այո, Ադրբեջանն ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է։ Մենք ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, այն, ինչ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, այդ մտահոգությունները փարատելու ամենակարճ ճանապարհը հենց նախաստորագրած համաձայնագիրը ստորագրել և վավերացնելն է, որովհետև այդ պայմանագրում բոլոր հարցերի պատասխանը տրվում է»։  

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է օր առաջ սկսել խորհրդակցություններ՝ փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամը որոշելու համար․

«Մենք այս հարցում չենք կիսում Ադրբեջանի մոտեցումը, Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում։ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության մասով հիմա ոչինչ չի բանակցվում, ուրիշ բան, որ հրապարակային իրենց մտքում կա այդ հարցը։ ՀՀ-ն ասել է, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղն ու ժամը, այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի, մենք պատրաստ ենք ստորագրել, իսկ իրենք այլ կոնտեքստում են տեսնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում